Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը:
Հիշեցնենք, նախագիծը ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել անցած ամիս՝ Մարտի 1-ի իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ: Այն իրավապահների առջև պահանջ է դնում՝ սեղմ ժամկետներում բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել 2008-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառողներին, ինչպես նաև վերանայել այս գործով դատապարտված ընդդիմադիրների մեղադրական վճիռները:
Որպես հայտարարության ընդունման հիմնավորում «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել: