Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Մարտի 1-ի հարցը Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի»


«Ելք» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Մարտի 1-ի տասներորդ տարելիցին ընդառաջ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն այսօր շրջանառության մեջ է դրել 2008 թվականի իրադարձությունների մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը իրավապահների առջև պահանջ է դնում՝ սեղմ ժամկետներում բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1ին և 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառողներին, ինչպես նաև վերանայել այս գործով դատապարտված ընդդիմադիրների մեղադրական վճիռները:

«Ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների դեմ քաղաքական գործունեության համար քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան կիրառվում է մինչև օրս», - ասված է «Ելք»-ի հայտարարության մեջ՝ ընդգծելով նաև, որ պատշաճ քննության չեն արժանանում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը:

«Ելք» խմբակցության ղեկավար, Մարտի 1-ի գործով յոթ տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի խոսքով, արել են այնպես, որ գլխադասային հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո հայտարարության տեքստը լիագումար նիստին պատգամավորների սեղանին լինի հենց տարելիցի օրերին:

«Սա արվել է հատուկ, որպեսզի կանոնակարգով սահմանված ժամկետները պահպանվեն և կիրառվեն այնպես, որ Մարտի 1-ի շրջանում մենք հնարավորություն ունենանք հարցը լիագումար նիստում քննարկել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Փաշինյանը: - «Այսինքն՝ այսպես, թե այնպես՝ Մարտի 1-ի հարցը Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի»:

Հայտարարության ընդունումը «Ելք» դաշինքը կարևորում է խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ և անվտանգ իրացման, հանրային համերաշխության վերականգնման համար:

Առաջարկվում է, որ Ազգային ժողովը դատապարտի «քաղաքացիների նկատմամբ 2008 թվականին ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը»: Որպես հայտարարության ընդունման հիմնավորում «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել:

Այս մասով, ըստ նախագծի, խորհրդարանը պետք է պարտավորվի առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ՝ ապահովելու արժանապատիվ փոխհատուցումները:

Իշխող Հանրապետականն առայժմ չի մեկնաբանում այսօր շրջանառության մեջ դրված փաստաթուղթը․ ծանոթանում են: Նախորդ գումարման խորհրդարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունները՝ 2008-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք էլ Կառավարությունը մերժեց ՀԱԿ-ի առաջարկը՝ Մարտի 1-ը հիշատակի օր ճանաչել:

Այս տարի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսը մարտի 1-ին երթ է անցկացնելու՝ ի հիշատակ զոհերի և ընդդեմ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների:

«Մենք նույնպես քննարկում էինք հանրահավաք անելու տարբերակը, և ինչպես նախորդ տարիներին՝ մենք մտածում էինք, որ Մարտի 1-ը այն իրադարձությունը չէ, որ մի կուսակցություն վերցնի և իրազեկում ներկայացնի, որովհետև այսօր, օրինակ, «Ելք» խմբակցության անդամ են Մարտի 1-ի գործով երկու ամենամեծ դատավճիռներ ստացած անձինք: Այսինքն, Մարտի 1-ի գործով Սասուն Միքայելյանից և ինձանից ավելի մեծ դատավճիռ որևէ մեկը չի ստացել», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Նիկոլ Փաշինյանը: - «Մենք առաջարկեցինք, ասացինք, որ մենք ուզում ենք գալ, այդ հանրահավաքում ելույթ ունենալ և ըստ էության՝ այս հնարավորությունը մերժվեց: Ես հիմա էլ եմ ասում, որ պատրաստ եմ այդ հանրահավաքում ելույթ ունենալ: Դա կախված է նրանց արձագանքից և նրանց վերաբերմունքից»:

Այսօր հրապարակած հայտարարության տեքստում «Ելք»-ը նկարագրում է 2008 թվականի հանրահավաքները․ «Քաղաքացիների բողոքը հարուցել էր փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրական տեղամասում ընդդիմադիր թեկնածուների, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ բռնությունների գործադրումը»:

Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունն այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին հերթական նույնաբովանդակ պատասխանն է ուղարկել, թե շարունակում են քննվել մարտի 1-ի զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Իրավապահները հրաժարվել են պատասխանել կոնկրետ հարցերի, որպեսզի չհրապարակեն նախաքննական գաղտնիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG