Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը դատապարտում է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը


Արդարադատության նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը դատապարտում է անցյալ շաբաթ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածը:

«Դատապարտում եմ ցանկացած ոչ-բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություններ, որոնք, ցավոք սրտի, տվյալ պարագայում տեղի են ունեցել երկու կողմերից: Ես կարծում եմ, այո՛, երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք միջադեպն առհասարակ տեղի չէր ունենա, եթե Արդարադատության նախարարությունը ժամանակին լուծեր Նուբարաշենի բանտի կոյուղու խնդիրը, նախարարն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ այդ աստիճան պրիմիտիվ չի կարելի հարցին մոտենալ»:

Արդարադատության նախարարը ընդունում է, որ Նուբարաշենում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու էր նաև Արդարադատության նախարարությունը, որի կազմում է գտնվում արդեն 5 տարի վթարված կոյուղի ունեցող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը: Այժմ, ըստ նախարար, խնդրին տրվում է ժամանակավոր լուծում, բայց առաջիկայում գնման ընթակարգով արդեն հիմնովին կլուծեն կոյուղու խնդիրը։

«Ինչ վերաբերում է «Նուբարաշենի» կոյուղուն, սա ևս համարել ենք առաջնահերթ խնդիր, և դա է եղել պատճառը, որ 2017 թվականին մենք պատվիրել ենք նախագիծը՝ ինչպես այն պետք է վերականգնվի, և պատրաստվում ենք այն վերականգնել 2018 թվականի ընթացքում», - ասաց նա:

Ծավալուն ասուլիսի ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վիճակագրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գործերի վերաբերյալ․ դրանք տարեցտարի աճում են, սակայն, ըստ նախարարի, միանշանակ չէ, որ Հայաստանի դեմ գործերի մեծ թիվը բացասական ցուցանիշ է․ - «Այն, որ մարդիկ փորձում են իրենց իրավունքները պաշտպանել՝ այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, շատ հաճախ խոսում է այն մասին, որ մեզանում կայանում է փաստաբանության ինստիտուտը, որ մարդկանց իրավագիտակցությունը էապես աճում է»:

Արդարադատության նախարարը հակիրճ անդրադաձավ նաև հարցին, թե կան արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյալներ․ - «Ոչ: Կարծում եմ, չկան»:

2015-ին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում աշխատած Հարությունյանը անդրադարձավ նաև Սահմանադրության՝ նոր նախագահ ընտրելուն վերաբերող երկու հոդվածների շուրջ ծագած վեճին։ Բանն այն է, որ նոր նախագահի ընտրության կարգի ու ժամկետների մասին հոդվածները, ըստ 209-րդ հոդվածի, ուժի մեջ են մտնում «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Մի շարք մասնագետներ պնդում են, որ այդ դեպքում Հայաստանի չորրորդ նախագահը պետք է ընտրվի հին կարգով, այսինքն՝ քաղաքացիների կողմից ուղիղ ընտրությամբ։

Ըստ Արդարադատության նախարարի, սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ավելորդ է, և պետք չէ մտնել «խուճուճ իրավական ձևակերպումների մեջ»․ - «Անգամ ամենավառ երևակայության դեպքում ես դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125 հոդվածը այս ձևով սահմանափակում է մեզ իրականացնել Հանրապետության նախագահի ընտրությունը Ազգային ժողովում: Իրականում մենք կյանք ենք տվել 125 հոդվածի փոփոխված տարբերակին 211 հոդվածով: Սա շատ պարզ է: Խնդրում եմ, խնդրին նայեք փոքր-ինչ ավելի պարզ՝ առանց մտնելու խուճուճ ձևակերպումների մեջ, և կտեսնեք, որ ամեն ինչ շատ պարզ է»:

«Ճգնաժամ չկա», վստահեցնում է նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Վարդան Պողոսյանը, այնուամենայնիվ ընդունելով, որ որոշակի բաց առկա է: Մասնավորապես, Սահմանդրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը կարգավորում չունեն այն սցենարի դեպքում, երբ, ենթադրենք, Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռանար մինչև իր նախագահության ժամկետի ավարտը, ինչն էլ, ըստ ընդդիմախոսների, ևս մեկ մատնող հանգամանք է, որ մայր օրենքը հարմարեցվել է գործող նախագահին։

«Եթե դեկտեմբերի 23-ին Հանրապետության նախագահը հրաժարական տար, չէր լինելու էն ընտրության կարգը, որով Ազգային ժողովը պետք է ընտրեր Հանրապետության նախագահին: Նույնը վերաբերում է ցանկացած ժամկետի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG