Մատչելիության հղումներ

Թուրքիան Անկարայում գտնվող ամերիկան դեսպանատան հարակից փողոցը կոչեց «Ձիթենու ճյուղ»-ի պողոտա


Թուրքիա - ԱՄՆ դեսպանատունը և «Ձիթենու ճյուղ»-ի պողոտան Անկարայում, 19-ը փետրվարի, 2018թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Թուրքիա կատարած այցից ու երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին հրապարակային խոստումներից հետո անգամ թուրք-ամերիկյան լարվածությունը կարծես թե չի մարում:

Համենայն դեպս, երեկ Թուրքիայի իշխանությունները Անկարայում գտնվող ամերիկյան դեսպանատան հարակից փողոցը ցուցադրաբար կոչեցին Վաշինգտոնի համար ակնհայտ անընդունելի ռազմական գործողության անունով՝ «Ձիթենու ճյուղ»-ի պողոտա:

Ճիշտ այդպես է կոչվում թուրքական բանակի կողմից շաբաթներ առաջ Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում, Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի դեմ սկսված ռազմական հարձակումը։

Վաշինգտոնը հրապարակավ քննադատում է Անկարայի այդ արշավը՝ կոչ անելով կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Քրդերի ինքնավարությունից զգուշացող և Սիրիայի քրդական խմբավորումներին ահաբեկիչ համարող Անկարան, մինչդեռ, պահանջում է դուրս բերել վերջիններիս իր սահմանակից տարածքներից:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը կրկին բարձրաձայնեց այս պահանջը Մյունխենում՝ անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում: «Շատ սխալ է աջակցել մի ահաբեկչական խմբավորման՝ մյուսի դեմ պայքարում, դա վտանգում է երկրի ապագան, եթե , իհարկե, Սիրիայի ապագան մտահոգում է ձեզ։ Դա նաև վտանգի տակ է դնում տարածքային ամբողջականությունը, և մենք պետք է շատ աչալուրջ լինենք այս հարցում: Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները աջակցում Սիրիայի քրդական այդ խմբավորումներին, ինչո՞ւ է նրանց այդքան զենք տրամադրում», - հայտարարեց Մևլութ Չավուշօղլուն։

Օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը այս հարցերը քննարկելու համար երկօրյա այցով մեկնել էր Անկարա։ Թուրքիայի արտգործնախարարի ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Ռեքս Թիլերսոնն ընդգծել էր՝ երկկողմ հարաբերությունները գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, սակայն կողմերը պատրաստ են բարելավել վիճակը:

Երեկ Անկարայում՝ ամերիկյան դեսպանատան հարակից տարածքում կախված ցուցանակը, սակայն, այլ բան է հուշում, փաստում են արևմտյան լրատվամիջոցները:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ շարքային քաղաքացիների շրջանում այս որոշման շուրջ կարծիքները միանշանակ չեն:

«Շատ ճիշտ են արել, սա անհրաժեշտ քայլ էր, որն ապացուցում է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է անպատիժ հարվածել: Մեր կառավարությունը, մեր պաշտոնյաները արձագանքում են ինչպես որ պետք է, մենք գոհ ենք», - ասել է «Ռոյթերզ»-ի զրուցակիցներից մեկը:

«Կուզենայի, որ աշխարհի խնդիրները լուծվեին փողոցների անվանափոխությամբ, սակայն, ցավոք, իրական կյանքում դա չի գործում», - ասել է մեկ այլ զրուցակից։

Հարցվածներից մեկն էլ ասել է. - «Կարծում եմ՝ սա անիմաստ քայլ էր և որևէ արդյունք չի ունենալու»:

Ի դեպ, Անկարան առաջին անգամ չէ որպես դիվանագիտական գործիք օգտագործում փողոցների անվանափոխությունը: Ամիսներ առաջ էլ, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը Թվիթերում քննադատել էր օսմանյան բանակի հայտնի հրամանատարներից մեկին՝ Ֆահրեդին փաշային ու պնդել, թե նա ներխուժել է արաբական Մեդինա ու մարդկանց ունեցվածքը թալանել, Անկարայի իշխանությունները «Արաբական Միացյալ Էմիրությունների» փողոցը վերանվանել էին Ֆահրեդին փաշայի անունով, իսկ այդ երկրի դեսպանատան հարակից փողոցը անվանակոչել «Մեդինայի պաշտպան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG