Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Անկարան մտադիր են բարելավել հարաբերությունները, փորձագետները թերահավատ են


Ռեքս Թիլերսոնը և Մևլութ Չավուշօղլուն համատեղ ասուլիս են տալիս, Անկարա, 16-ը փետրվարի, 2018 թ․
Ռեքս Թիլերսոնը և Մևլութ Չավուշօղլուն համատեղ ասուլիս են տալիս, Անկարա, 16-ը փետրվարի, 2018 թ․

Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները գտնվում են կրիտիկական հանգրվանում: Կան քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հարաբերությունների բարելավման համար, և մենք պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցով»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելյալ մանրամասներ չներկայացնելով:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումն իր թուրք պաշտոնակցի հետ ուղեկցվել է թուրք ազգայնականների բողոքի ցույցերով, որի մասնակիցները Անկարայի փողոցներում Վաշինգտոնի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններ են հնչեցրել:

Թուրքիայում, մասնավորապես, դժգոհ են Անկարայի կողմից ահաբեկիչներ հռչակված՝ Սիրիայի քրդական խմբավորումներին աջակցելու՝ Վաշինգտոնի քաղաքաղականությունից: ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին անցյալ ամիս, երբ Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դեմ, որոնց Վաշինգտոնը ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև զինում է և համագործակցում նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այսօր հայտարարեց, որ Սիրիայի քրդական ջոկատներին հատկացվող ամերիկյան աջակցությունը կսահմանափակվի: Հիշեցնենք՝ Վաշինգտոնը նախկինում էլ է նման խոստումներ տվել, սակայն, Անկարայի պնդմամբ՝ դրանք չեն իրականացվել:

«Մենք միշտ հստակորեն հայտարարել ենք Թուրքիային, որ Սիրիայի դեմոկրատական ուժերին հատկացվող սպառազինությունը սահմանափակ կլինի, կուղղվի հստակ առաքելությունների և կտրամադրվի աստիճանաբար»,- մասնավորապես, հայտարարել է Թիլերսոնը, ընդգծելով, որ Թուրքիան իրավասու է պաշտպանել իր սահմանները, սակայն «անհրաժեշտ է խուսափել քայլերից, որոնք էլ ավելի կսրեն լարվածությունն այդ տարածաշրջանում»: «Մենք այլևս միայնակ չենք գործի, երբ ԱՄՆ-ն անում է մի բան, Թուրքիան՝ մեկ այլ»,- հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա կնճռոտ հարցերից մեկն էլ քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջ քաղաքում ստեղծված կացությունն է: Անկարան ավելի վաղ հայտարարել էր, թե «Ձիթենու ճյուղ» գործողության հաջորդ թիրախը Մանբիջն է դառնալու, որտեղ ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված: Թուրքիան Վաշինգտոնից պահանջում է այնտեղից դուրս բերել իր զինվորականներին` հնարավոր բախումներից խուսափելու համար: Ամերիկյան կողմը, մինչդեռ, մտադիր չէ ետ քաշել իր ուժերը քրդաբնակ այդ քաղաքից:

«Մանբիջն աշխարհագրական առումով կարևոր է, այդ իսկ պատճռով Միացյալ Նահանգները ներկայություն ունի այնտեղ, որպեսզի վստահ լինի, որ այդ քաղաքը գտնվում է մեր դաշնակից ուժերի վերահսկողության տակ»,- ընդգծել է Թիլերսոնը, այդպես էլ չհստակեցնելով՝ արդյո՞ք Վաշինգտոնն ու Անկարան Մանբիջի հարցում ընդհանուր հայտարարի են եկել:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Թուրքիայում է երկօրյա պաշտոնական այցով: Երեկ նա շուրջ երեքուկես ժամ փակ դռների ետևում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի գրասենյակն այդ քննարկումները բնութագրել է «բաց և կառուցողական»:

Փորձագետների գնահատմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցություններն ավարտվել են, ընդհանուր առմամբ, առանց էական արդյունքների: Թերևս միակ հստակ պայմանավորվածությունը վերաբերում է երկու երկրների դիվանագետներից և փորձագետներից բաղկացած խմբի ստեղծմանը: Նախատեսված է, որ այդ խումբն առաջիկա շաբաթներին կզբաղվի առկա տարաձայնությունների հարթեցմամբ, այդ թվում՝ սիրիական հարցերի հետ կապված:

Թուրքական մամուլը նկատում է, որ Թիլերսոնը, ի տարբերություն իր թուրք պաշտոնակցի, քրդական խմբավորումներին ահաբեկիչ չի անվանել, ինչպես նաև թուրքական բանակի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինում բազմաթիվ մարդկային զոհերի ու լարվածության հետ կապված՝ ակնարկել է Վաշինգտոնի աճող մտահոգության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG