Այսօր վաղ առավոտյան, ժամը 5:11, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն՝ ամբողջությամբ, ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել են պատուհանները: Վնասվել են առաջին հարկում գտնվող մեկ այլ բնակարան, երկրորդ հարկի երեք բնակարաններ, չորրորդ հարկում գտնվող երեք բնակարանների պատուհանները: Վնասվել են նաև բակում կայանված մեկ տասնյակ ավտոմեքենաներ:
Զոհեր և վիրավորներ չկան:
Փրկարարները առաջին մուտքից տարհանել են 14 բնակչի և տեղում իրականացրել բնակարանների պատուհանների վնասված ապակիների հեռացման աշխատանքներ: