Մատչելիության հղումներ

«Իրավական փնթիության և քաղաքական անպատասխանատվության հետևանք», - այսպես է բնորոշում Հայ ազգային կոնգես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Սահմանադրության մի քանի հոդվածների շուրջ ծագած վեճը, երբ մի խումբ մասնագետներ պնդում են՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ուղիղ ընտրությամբ։

«Հապշտապ, շատ արագ պետք էր այդ սահմանադրական փոփոխության նախագիծը բերվեր, և այդ հապշտապության մեջ, կամ այդ անպատասխանատվության, փնթիության մեջ թույլ են տվել այսպիսի ակնհայտ իրավական կազուս։ Եվ այդ կազուսի տակից որևէ մեկը չի էլ փորձելու, չեն էլ կարող դուրս գալ», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Լոնդոնում բնակվող փաստաբան Վահե Գրիգորյանն է լույս սփռել խնդրի վրա։

2015-ին փոփոխված Սահմանադրության 124-րդ և 125-րդ հոդվածները սահմանում են, թե ինչպես, երբ և ում կողմից պետք է ընտրվի Հանրապետության նախագահը, իսկ նոր Սահմանադրության անցումային դրույթներում, մասնավորապես 209-րդ հոդվածում գրված է՝ Սահմանադրության 5-8-րդ գլուխները, որտեղ ներառված են վերոնշյալ հոդվածները, ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում է գործել 2005 թվականի Սահմանադրութունը։

«Այնքան պարզ, ակնհայտ է, որ իրավաբան պետք էլ չէ լինել, որպեսզի հասկանաս», ֊ մեկնաբանում է Արամ Մանուկյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս վերջին օրերին ուսումնասիրել է առաջացած խնդիրը, պնդում է՝ ստացվում է, որ Սահմանադրության այն գլուխները, որոնք ներկայացնում են նախագահ ընտրելու նոր կարգը, ուժի մեջ են մտնում միայն 4-րդ նախագահի պաշտոնավարման օրը, իսկ մինչև այդ 4-րդ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ՝ այսինքն ոչ թե Ազգային ժողովի, այլ ուղիղ՝ համապետական ընտրությամբ։ ֊ «Փաստում եմ, որ այս պահի դրությամբ առկա է սահմանադրական ճգնաժամ», ֊ ասում է Գյոզալյանը։

Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով նաև Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր, հերքում է այս պնդումները։ Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա նշում է. ֊ «Արդեն ուժի մեջ մտած Սահմանադրության 7-րդ հոդվածը վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա: Ուստի որևէ պարագայում նախագահը չի կարող ընտրվել ժողովրդի կողմից»։ Բացի այդ՝ Վարդան Պողոսյանը հղում է կատարում անցումային մի դրույթի՝ 211-րդ հոդվածին, որտեղ նշված է՝ «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»։

Փաստաբան Գյոզալյանը հակադարձում է՝ եթե անգամ այդպիսով ուժ է ստանում 125-րդ հոդվածը, միևնույնն է, 124-րդը կգործի միայն 4-րդ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո. ֊ «Այս դեպքում մենք պետք է առաջնորդվենք գործող Սահմանադրության 50֊րդ հոդվածով, որովհետև այդ հոդվածը սահմանում է, որ նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով, տասը տարի՝ վերջին բնակությունը և այլն։ Այսինքն որոշակի պայմաններ է առաջ քաշում և ամենակարևորը՝ ժողովրդի կողմից է ընտրվում»։

Խնդրի մասին առաջինը բարձրաձայնած Վահե Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ առաջիկայում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությունը «փաստացի ժողովրդի իշխանության յուրացում է»։ Ըստ փաստաբանի՝ Հայաստանի սահմանադրական կարգի համար սա անդառնալի հետևանք է ունենալու այն իմաստով, որ սասանվելու է քաղաքացիների՝ առանց այդ էլ խոցելի վստահությունն ու հավատը իրավակարգի նկատմամբ»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը հավելում է. ֊ «Այսպիսի մի ճգնաժամ է ստեղծվել, որը պարզ է, թե եթե ի վերջո հասնի Սահմանադրական դատարան՝ ինչպես է լուծելու այս հարցը, և այստեղ խնդիր է լինելու Հայաստանի միջազգային հեղինակության հետ կապված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG