Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը այս տարի ակտիվացնելու է ջանքերը միջազգային ճանաչման ուղղությամբ․ Մայիլյան


ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը նախորդ տարվա ընթացքում գլխավորապես կենտրոնացած էր 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու արդյունքում առաջացած բացասական հետևանքների չեզոքացման վրա։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ուղղված էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը և բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը, ԼՂ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նշել է Մայիլյանը: Այդ համատեքստում նա ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։

Միևնույն ժամանակ, նախարարի համոզմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Բանակցություններին Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը, ըստ Մայիլյանի, կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ ԼՂ իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ընդհանրապես տարածաշրջանի ճակատագրի համար, շեշտել է արտգործնախարարը:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ի և Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական միությունում և ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվել տարբեր հարցերի՝ այդ թվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու և Ղարաբաղի շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային տարբեր կառույցներում շրջանառության մեջ է դրվել ԼՂ ԱԳՆ և այլ գերատեսչությունների կողմից պատրաստված թվով 9 ընդարձակ փաստաթուղթ։

Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթությունները՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը և խորացումը, Ղարաբաղի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և օտարերկրյա ներդրումների խրախուսումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG