Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Առաքել Մովսիսյանը սպառնացել է Ալեն Սիմոնյանին


Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հայտնի է «Շմայս» մականունով, զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին և նրա հասցեին «սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել»: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ այսօր հրատապ հայտարարությամբ հանդես գալով խորհրդարանի ամբիոնից:

«Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է, անկեղծ ասած՝ հարցը հետևյալն է․ էս իրոք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները որոշել են մեզ քուչի կռվի մե՞ջ ներքաշել: Էս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա, և եթե մտածում եք, որ էդ սադրանքներով կարող եք, կամ, չգիտեմ, մեր քաղաքակիրթ դեմքին և, ինչպես ասում են, մեր փողկապներին եք խաբնվում, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք», - հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ «սա կապված է երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանում ավագանիում տեղի ունեցած միջադեպի հետ, էդ միջադեպին հետևած մեկնաբանությունների հետ, Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, մեկնաբանություններով էր հանդես եկել»:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG