Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան հաստատել է Սիրիայում ռուսաստանցիների զոհվելու մասին տեղեկությունը


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

Երեկ՝ փետրվարի 15-ին, մոտ մեկ շաբաթ տևած հերքումներից հետո, պաշտոնական Մոսկվան առաջին անգամ հաստատել է, որ անցած շաբաթ Սիրիայում ենթադրաբար հինգ ռուսաստանցի է զոհվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, ով միևնույն ժամանակ ասել է, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին ապատեղեկատվություն են։

Զախարովան ընդգծել է, որ զոհերը Ռուսատանի զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել։

Արդեն մի քանի օր է ռուսաստանյան և արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Դեյր էզ-Զորում փետրվարի 7-ին տասնյակ ռուսաստանցիներ են զոհվել Սիրիայի նախագահ Ասադին աջակցող ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի միջև բախումների հետևանքով։

Զոհերի թվի մասին տեղեկությունները տարբեր են՝ 11-ից մինչև 200։

Ռուսական մամուլն արդեն պարզել է զոհվածներից 9-ի ինքնությունը։ Նրանք բոլորը «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ են։

Ամերիկյան կողմը պնդում է, թե սկսել է օդային հարվածներ հասցնել, երբ կառավարամետ ուժերը հարձակվել են Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի վրա։

Ռուսական լրատվամիջոցներն ակտիվ սկսել են այս թեման քննարկել այն բանից հետո, երբ փետրվարի 12-ին Ռուսաստանի նախագահի թեկնածու «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին ռուսաստանցի վարձկանների հարյուրավոր զոհերի մասին բաց նամակով պարզաբանումներ է պահանջել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Այսօր թեման մնում է կարևորագույնը ռուսական մամուլում և համացանցում, թերևս՝ ամենաքննարկվողը։

Նախագահ Պուտինը որևէ մեկնաբանություն չի արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG