Մատչելիության հղումներ

Յավլինսկին Պուտինից պահանջում է արձագանքել Սիրիայում բազմաթիվ ռուսաստանցիների զոհվելու մասին լուրերին


Գրիգորի Յավլինսկի, արխիվ

Միջազգային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին բամաթիվ հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Սիրիայում՝ Դեյր էզ Զորի մոտակայքում ԱՄՆ օդուժի և սիրիական ընդդիմության ուժերի հարվածներից զոհվել են հարյուրավոր ռուսաստանցիներ՝ «Վագներ» մասնավոր ընկերության վարձկաններ։

ՌԴ նախագահի թեկնածու՝ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին երեկ բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին՝ այս տեղեկությունը պարզաբանելու համար։ Ռուս պաշտոնյաները, Յավլինսկու խոսքով՝ կատարվածի մասին իրարամերժ մեկնաբանություններ են անում։ Յավլինսկին Պուտինից պահանջել է հստակ պարզաբանում նշված հրապարակումների վերաբերյալ։

«Համոզված եմ, որ նման իրադարձության մասին տեղեկությունները պետք է հրապարակավ և բաց քննարկել։ Եթե Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել, ապա ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև գլխավոր հրամանատարը, պարտավոր են հայտարարել այդ մասին ու բացատրել, թե ով է պատասխանատու կատարավածի համար»,- գրել է Յավլինսկին:

Նա Պուտինին հարց է տալիս՝ ինչու՞ են Ռուսաստանի քաղաքացիները մասնակցում Սիրիայում ընթացող ցամաքային գործողություններին այն դեպքում, երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսական զորքերը դուսր են բերվել այդ երկրից, ու քաղաքացիական պատերազմն այնտեղ ավարտվել է:

Պուտինը Յավլինսկու նամակին դեռ չի պատասխանել։ Նա, ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունն է հաղորդել, մի քիչ հիվանդ է, մրսել է և չեղարկել է իր մասնակցությամբ Կրեմլից դուրս նախատեսված բոլոր միջոցառումները: Ռուսաստանի նախագահ և գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլը Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին ոչինչ չգիտի և խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Ռուսական լրատվամիջոցները, մինչդեռ, այսօր հայտնել են, որ արդեն Ռուսաստան են բերել զոհվածների դիերը: Նրանցից առնվազն հինգի իքնությունն արդեն պարզվել է, անունները հրապարակել են տարբեր լրատվամիջոցներ։ Պեսկովն ասում է, որ մասնավոր «Վագներ» ընկերության վարձկանների մահվան մասին տեղեկությունը պետք է ստուգել, և որ ինքը համոզված չէ, թե Յավլինսկու ներակայացրած տվյալները հավաստի են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ Դեյր էզ Զորի շրջանում, որտեղ փետրվարի 7-ին ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերին, ռուսաստանցիներ չեն եղել, սիրիական բանակն էլ չի համակարգել իր գործողություններն այդ շրջանում, և այդ պատճառով մեծաթիվ զոհեր են եղել։

Հիշեցնենք ՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Ասադի ուժերը փորձել են գրավել «Սիրայի ժողովրդավարական ուժերի» շտաբը, ինչին ի պատասխան՝ ամերիկացիները հարվածել են նրանց: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայի կոալիցոն ուժերի գլխավոր շտաբի վրա հարձակվել են շուրջ 300 զինվորականներ, և ամերիկացիները ստիպված են եղել միջամտել։ «Հստակ չէ, թե քանի ռուսաստանցի վարձկան է զոհվել, սակայն որ զոհեր եղել են, հաստատ է»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG