Մատչելիության հղումներ

Առերեսումից հետո Հայկ Օհանյանը պնդում է՝ չի սպառնացել «Մեդիալաբի» խմբագրին


Հայկ Օհանյան
Հայկ Օհանյան

Խմբագիր Մարիաննա Գրիգորյանը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ տղամարդը սպառնացել է թե իրեն, թե իր ընտանիքին։

Ավելի քան 4 ժամ տևած առերեսման ժամանակ Հայկ Օհանյանը պնդել է՝ լրագրողի հասցեին սպառնալիքներ չի հնչեցրել ու որևէ հանցանք չի կատարել։ «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ տղամարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնացել է թե իրեն, թե իր ընտանիքի անդամներին։

«Կոնկրետ սպառնալիքներ ներկայացվել են, իսկ թե իրական են, իրական չեն, դա արդեն չեմ կարող ասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

«Ոչ մի սպառնալիք իրենց հասցեին չի տրվել։ Ի նկատի եմ ունեցել, որ տվյալ նկարում պատկերված է եղել զինվոր՝ նսեմացրած ձևով զինվոր, այսինքն՝ մի ոտքը կտրած, մեդալով և ինչ որ տվյալ զինվորին մի գուլպա նետելով։ Իմ բողոքը եղել է զուտ այդ զինվորը, ոչ թե ինչ-որ այլ իմաստ, որը նեկրայացվել է», - «Ազատությանը» փոխանցեց Հայկ Օհանյանը։

Հիշեցնենք, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծաղրանկարի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուքի» մի օգտատեր սպառնալից նամակներ է գրել՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի էբդոյի» հետ տեղի ունեցածը։ Փարիզում խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել։

Արդեն անձնական նամակներում օգտատերը հիշատակել է նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։

Օրերս հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Այսօրվա առերեսումից հետո, իրավունք չունենալով նախաքննական տեղեկություն հաղորդել, Մարիաննա Գրիգորյանն ասաց՝ Հայկ Օհանյանը փորձում է գործը տանել այն ուղղությամբ, թե իբր ընկալումների հարց է եղել, այլ ոչ թե հնչեցրել է իրական սպառնալիքներ։

«Փորձում են այն ուղղությամբ տանել, որ սպառնալիքներ չեն եղել և ընկալումների շուրջ ևս հարցեր հնչեցին», — ասաց խմբագիրը։

«Ազատության» հետ զրույցում 40-ամյա Հայկ Օհանյանը, ով բանակի պահեստազորի սպա է, պնդեց՝ որևէ սպառնալիք չի հնչեցրել։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հիշատակել տարիներ առաջ ահաբեկչության թիրախում հայտնված ֆրանսիական «Շարլի էբդո» պարբերականը, քրեական գործում դեռևս որևէ կարգավիճակ չունեցող Հայկ Օհանյանը պատասխանեց․ - «Ի նկատի եմ ունեցել, որ դա հասարակության մեջ կարող է ինչի բերել, այսինքն՝ երկրի ամենասրբություն համարվող զինվորի վրա ծաղրելը ու հաշվի ենք առնում, որ տենց բաների է բերում դա։ Էդ էր իմաստը»։

Հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ է հիշատակել լրագրողի մանկահասակ աղջկան, նա ուշագրավ պատասխան տվեց․ - «Դա, որ արդեն անցել էինք կատակի դաշտ, շեշտվել է ուղղակի․․․ Գեղեցիկ անուն ունի ընդամենը։ Մահվան կամ ինչ-որ վերաբերվող իրա անձին սպառնալիք չկա, իմ սիրելի անունն է ընդամնեը»։

Մինչդեռ Մարիաննա Գրիգորյանը հակադարձում է․ - «Շատ բաներ կարող են ասել։ Եթե ամբողջ խոսակցության բովանդակությունը գալիս է նրան, որ հիշատակվում է երեխայի անունը, նման խոսակցության դեպքում դա արդեն ակնարկ է։ Էստեղ անունը սիրելու, չսիրելու մասին խոսք լինել չի կարող»։

Հայկ Օհանյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս պնդում է՝ նա իրական սպառնալիքներ չի ներկայացրել։ Հարուցված քրեական գործն էլ անօրինական է, և այս գործում հանցագործության տարրեր չկան։

«Մեր պաշտպանյալն ասում է՝ ես եղել եմ բորբոքված այդ հրապարակումների հետ կապված հայ զինվորի և այլն, և այլն։ Առհասարակ՝ ոչ անձնական խնդիր ունեմ էդ աղջկա հետ, պետք լինի՝ ներողություն կխնդրեմ և սպառնալիքի մասին, էն էլ սպանության, վայ կներեք․․․ Ես էլ դրա համար եմ ասում՝ բերեք ծանոթանան, որ հասկանան, որ էդ մարդը իրա դիվանից ու իրա պլանշետից էն կողմ հեռու չի գնում իրա կյանքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրունյանը։

Իր սուր ծաղրանկարներով հայտնի «Մեդիալաբի» խմբագիրը կրկին կարծում է, որ անվտանգության ապահովման կարիք ունի։ Օրեր առաջ այդ հարցով նա դիմել էր քննիչին։ Այսօր արդեն Քննչական կոմիտեն պատասխանել է, թե նախաքննական մարմնի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ նրա և ընտանիքի անդամների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ, մասնավորապես՝ թե ինչպես է դա ապահովվելու, այդ գրության մեջ նշված չէ։

Վերջին օրերին տարբեր միջազգային կառույցներ անդրադարձել են այս դեպքին։ Այսօր էլ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին է հանդիպել Մարիաննա Գրիգորյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG