Մատչելիության հղումներ

Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպել է «Մեդիալաբ»-ի խմբագրի հետ


Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հանդիպել է «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, ով վերջերս՝ հունվար ամսվա իր հրապարակումներից մեկից հետո լուրջ սպառնալիքներ է ստացել Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ և ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարևորությունը:

Սվիտալսկին նշել է, որ նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում առկա են կոնկրետ հղումներ, որոնք վերաբերում են հիմնարար ազատություններին և ուղղակիորեն լրատվության միջոցների ազատությանը: Նա շեշտել է, որ անընդունելի է համարում լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումները:

Հիշեցնենք, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծաղրանկարի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանին Ֆեյսբուքի մի օգտատեր սպառնալից նամակներ է գրել՝ հիշեցնելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի հետ տեղի ունեցածը, երբ Փարիզում խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ զոհվեց: Արդեն անձնական նամակներում օգտատերը հիշատակել է նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։

Գլխավոր դատախազությունը «Մեդիալաբ»-ի խմբագրին սպառնալու ահազանգից ավելի քան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 6-ին որոշեց քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել: Գործն այժմ քննվում է Քննչական կոմիտեում։ «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիրը գործով տուժող է ճանաչվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG