Մատչելիության հղումներ

«Ելք»-ը «խստիվ դատապարտում է» Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության պահվածքը


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը խստիվ դատապարտում է Հանրապետական խմբակցության պահվածքն ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանը ծեծկռտուքից հետո հայտարարեց՝ «երկու կողմն էլ իրար արժանի են»։

Նշելով, որ այդ պահին Անահիտ Բախշյանը գուցե իր անձնական գնահատականն է ասել, Սիմոնյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Փոստանջյանի՝ դժոխքի վերածելու խոստումը, ցավոք սրտի, իրենց նույնպես մասնակից է սարքում այդ «դժոխային իրավիճակին»։

«Մենք նույնպես հայտնվում ենք դժոխքում, կարծում եմ, ամենևին դրան արժանի չլինելով։ Այս փուլում մեր նստատեղերը գտնվում են անմիջապես տիկին Փոստանջյանի խմբակցության և Հանրապետական խմբակցության մեջտեղում, և այդ ամբողջ նեգատիվը, որը փոխադարձ գնում է, անցնում է հենց մեր միջով։ Ենթադրում եմ, որ տիկին Բախշյանը դա նկատի ուներ», - ասաց Սիմոնյանը։

«Ելք» խմբակցության անդամը չի դատապարտում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի»-ի իրականացրած ակցիան, սակայն նշում է՝ ինքը մի փոքր այլ կերպ դա կիրականացներ։

«Ինչ վերաբերում է ակցիային, կրկնում եմ՝ այո՛, քաղաքական ուժը կարող է նման ակցիա անել, ես դրա մեջ որևիցե վատ բան չեմ տեսնում, ես անձամբ մի բան այլ կերպ կանեի, որը միգուցե նման բանի չբերեր. որևիցե մեկը չգիտեր, թե ինչ է այդ տարաների մեջ, քննարկվում էր լրիվ այլ հարց, և այդ պահին մարդիկ հագան դիմակներ, հագան ձեռնոցներ և արագ քայլով գնացին դեպի քաղաքապետը։ Կարծում եմ՝ արժեր անել այլ ձևով՝ ասել, թե ինչ է կատարվում։ Որովհետև, երբ որ քննարկվում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, կամ մեկ այլ հարց, այդ պահին երկու կողմից գնալ, մի քիչ անակնկալի բերեց բոլորին։ Ես այդ մասն այդպես չէի անի, իսկ մնացած մասով, այո՛, իրենք իրավունք ունեն տենց բան անելու, այո՛, դա տեղի կարող է ունենալ, և ես չեմ դատապարտում «Երկիր Ծիրանի» խմբակցության այդ ակցիան, որովհետև եթե, կներեք, հինգ շենքի բնակիչներ և հազարավոր մարդիկ կարող են այդ օդը շնչել, պետք էր ցույց տալ, թե դա ինչ էր իրենից ներկայացնում, ու ասեմ, որ դա շատ կատաստրոֆիկ հոտ էր», - ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ավագանու փետրվարի 13-ի նիստը վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ծեծկռտուքի առնչությամբ քրեական գործ դեռ չի հարուցվել։

Ալեն Սիմոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG