Մատչելիության հղումներ

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն դատապարտում է «Երկիր Ծիրանի»-ի նկատմամբ բռնությունը


ՀՅ Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնել երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Առաջին հերթին անթույլատրելի է Երևան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը և դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել»:

Կոմիտեն նշում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձևը կարելի է քննարկել և չհամաձայնվել: Ամեն դեպքում, ըստ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի, աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումն ավագանու նիստում:

«Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, և կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձևով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ և մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսևորումները, որին ականատես եղանք բոլորս: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու երեկվա նիստի ընթացքում և կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձևով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման բարձրագույն մարմնի ինստիտուտը», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ հետամուտ է լինելու քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կատարած քայլերին:

«Այն, որ Երևան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը և խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, և քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին: Մեզ համար առաջնահերթ է երևանցու պատշաճ ապրելու իրավունքը և իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը և իրազեկումը: Միայն այդ ձևով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG