«Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արցախի ազատամարտիկների միություն» կազմակերպության 7-րդ համաժողովի մասնակիցներին այսօր հղած ուղերձում:
«Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները», - ասված է ուղերձում:
«Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն», - ընդգծել է Հայաստանի նախագահը:
«Արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Սերժ Սարգսյանը:
«Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան», - ասված է ուղերձում: