Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմությունը Մուխթարլիի գործով խորհրդարանական հետաքննություն է պահանջում


Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլի, փետրվար, 2018թ․
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլի, փետրվար, 2018թ․

Արդյո՞ք Վրաստանի իշխանությունները գիտեին կամ նույնիսկ մասնակցել են ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի` 2017 թվականի մայիսին Թբիլիսիում տեղի ունեցած առևանգմանը: Վրաստանի քաղաքական շրջանակներում այս հարցը կրկին սկսեցին ակտիվորեն քննարկել, երբ կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքը բացառիկ հարցազրույց հեռարձակեց ադրբեջանական բանտում գտնվող ադրբեջանցի լրագրողի հետ, որը մի շարք լուրջ մեղադրանքներ ուղղեց վրացական իշխանությունների հասցեին:

«Իմ առևանգումը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գիտությամբ կամ նույնիսկ նրա անմիջական հրահանգով: Վրացական ոստիկանության մի շարք բարձրաստիճան սպաներ են ներգրավված եղել այդ գործողության իրականացմանը», - նշում էր Մուխթարլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:

Ադրբեջանցի լրագրողի սկանդալային հայտարարությունների հաջորդ օրն արդեն վրացական ընդդիմությունը սկսեց հանդես գալ Մուխթարլիի գործի խորհրդարանական հետաքննություն անցկացնելու պահանջով: Երեքշաբթի օրը այդ հարցը քննարկվում էր Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգո Ռատիանին պնդում էր, որ օրենսդիրներն իրավունք չունեն անուշադրության մատնել Մուխթարլիի հայտարարությունները:

«Խորհրդարանը պարտավոր է տեսակետ հայտնել երկրի վարչապետի դեմ առաջ քաշված այս մեղադրանքների առթիվ: Հատուկ խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա պարզել՝ արդյոք վարչապետ Կվիրիկաշվիլին կապ ունի՞ ադրբեջանցի լրագրողի առևանգման հետ, թե՞՝ ոչ», - հայտարարում էր Ռատիանին:

Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, սակայն, ակնհայտորեն հակված չեն ընդառաջել ընդդիմադիրների պահանջին: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Սոֆո Քիլաձեն հանձնաժողովի ստեղծման գաղափարն անգամ «քաղաքական շոու և անհաջող կատակ» անվանեց, որին իշխող կուսակցությունը «մասնակցելու որևէ ցանկություն չունի»:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» խորհրդարանական խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի համոզմամբ՝ «Վրացական երազանք»-ի արձագանքը օրինաչափ էր: «Քաղաքական մեծամասնությունը կանի ամեն ինչ Աֆղան Մուխթարլիի հնչեցրած մեղադրանքների անկախ հետաքննությունը թույլ չտալու համար», - համոզված է Սամադաշվիլին:

«Տիկին Քիլաձեի ցինիկ հայտարարություններից պարզ դարձավ, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ցանկություն չունեն պարզելու, թե իրականում Մուխթարլիի հետ ինչ է տեղի ունեցել», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG