Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսական Սու-25-ը սովետական «Իգլա»-ով խոցվելու մասին հայտարարած պատգամավորը հրաժարական է տվել


ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ֆրանց Կլինցևիչ, արխիվ

Ռուսաստանում հայտնի օրենսդիր Ֆրանց Կլինցևիչը հրաժարական է տվել խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Պատճառները նա չի նշել, բայց «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է, թե Դաշնության խորհրդում բոլորին չէ, որ դուր է գալիս իր անկեղծությունը:

Նրա հրաժարականը ընդունելու հարցը Դաշնության խորհուրդը քննարկելու է փետրվարի 14-ին:

Այս ամսվա սկզբին Կլինցևիչը պնդել էր, որ Սիրիայում փետրվարի 3-ին զինված խմբավորումները ռուսական Սու-25 ռազմական օդանավը խոցել են սովետական արտադրության «Իգլա» տիպի հրթիռով: Նա ասել էր, որ Ռուսաստանի հետախուզության հետաքննության նախնական արդյունքներով՝ ինքնաթիռը խոցվել է «Իգլա» MANPAD (ПЗРК) հրթիռով: Շարժական այս հրթիռը արձակվում է կրակողի ուսին սեղմվող «տրուբկայի» միջոցով:

Ինքնաթիռը խոցելու պատասխանատվությունը ստանձնած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորումը ևս հայտարարել էր, որ ձեռքից արձակվող հրթիռ են օգտագործել:

Սա առաջին անգամն է, երբ Սիրիայի զինված խմբավորումների կողմից ռուսական ռազմական օդանավ է խոցվում: 2016-ին զինյալները սիրիական ուժերի՝ ռուսական արտադրության ուղղաթիռ էին խոցել, որի անձնակազմը ռուսներ էին:

Ռուսաստանցի սենատորի հայտարարությանը անմիջապես հաջորդեցին հետախուզության պաշտոնյաների հերքումները: Ռուսաստանի ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան նույն օրն ևեթ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ասել էր, թե «Ռուսաստանի ռազմական հետախուզությունը Թուրքիայի գործընկերների հետ միասին ակտիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ և ոչ առանց արդյունքների, իսկ կողքի դատարկախոսությունները իրականության հետ որևէ կապ չունեն, գործին միայն խանգարում են, այլ ոչ թե օգնում»:

Ֆրանց Կլինցևիչը ասել էր, որ սիրիական հատուկջոկատայինները Իդլիբ նահանգում ինքնաթիռի կործանման և օդաչուի զոհվելու վայր են հասել, նրանց ձեռքի տակ են օդանավի բեկորները, ու նախնական արդյունքներով՝ օդանավը խոցվել է «Իգլա» հրթիռով:

Հարվարդի համալսարանի ռուսական ծրագրերի տնօրեն Սիմոն Սարաջյանը Թվիթերի իր էջում գրել է, թե Կլինցևիչը ստիպված է հրաժարական տալ իր պնդումների պատճառով, որ Սու-25-ը խոցվել է սովետական արտադրության «Իգլա» հրթիռով: «Ինձ համար ամենահետաքրքիր հարցը հետևյալն է՝ ճի՞շտ է արդյոք, որ ինքնաթիռը խոցվել է «Իգլա»-ով, և ո՞ր երկրից է այն ուղարկվել», - գրել է Սարաջյանը:

Ֆրանց Կլինցևիչը նաև ասել էր, թե կարծում է՝ MANPAD հրթիռը ապստամբներին է մատակարարվել ԱՄՆ-ի կողմից, ինչը Պետդեպարտամենտը հերքել էր:

Ռուսական մամուլը Ֆրանց Կլինցևիչին ներկայացնում է որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ճանաչված պատգամավորներից մեկը: Սմոլենսկի մարզից սենատորը Աֆղանական պատերազմի վետերանների կազմակերպությունից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG