Մատչելիության հղումներ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների ոլորտում


Ավետիք Իշխանյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր հրապարակել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը 2017 թվականին» տարեկան զեկույցը:

Իրավապաշտպան կազմակերպությունը դիտարկել է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունները, հնչեղ դատավարությունները, իրավապահների աշխատանքը։

Կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը հայտարարեց, թե Հայաստանում մոտ երկու տասնյակ քաղաքական և խղճի բանտարկյալներ կան՝ հիշատակելով Հիմնադիր խորհրդարանի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, «Սասնա ծռերին» օժանդակելու գործով կալանավորված Կարո Եղնուկյանին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, «Իգլա»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին, «արժեքների հեղափոխության» գործող տարբեր ժամկետներով ազատազրկված Շանթ Հարությունյանին և ընկերներին, նրանց դատավարության մեկնարկին օդամղիչ ատրճանակով իրավապահների ուղղությամբ կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին, նաև 2016-ի հունվարին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելուց հետո ոստիկանին հարվածելու մեղադրանքով 2 տարով ազատազրկված Գևորգ Սաֆարյանին, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանին և այլոց։

«2013 թվականի նոյեմբերին Հայաստանում նորից քաղաքական բանտարկյալներ երևացին, և առաջինը Շանթն ու իր ընկերներն էին: Եթե մենք ընդունենք հիմա, որ ընդդիմախոսը կասեր, թե նրանց արածում քրեական հանցագործություն կարելի էր նկատել, չեմ ուզում վիճել: Ընդունենք, որ այդպես է: Բայց պատիժը անհամաչափ պատիժ էր, և սա քաղաքական հաշվեհարդար էր: Հաջորդ անհամաչափ պատիժը Հայկ Կյուրեղյանի նկատմամբ էր: Իհարկե կար քրեական տարր նրա արածի մեջ», - հավելեց Իշխանյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանը, մինչդեռ, «Ազատությանը» հետ զրույցում պնդեց, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան․ - «Քաղաքական բանտարկյալներ չունենք, որովհետև բոլորը իրենց կատարած հանցագործությունների համար են դատապարտված»:

Հարցին, թե արդյոք 2016 թվականի ամռանը ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերը» ևս քաղաքական բանտարկյալներ են, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բացասական պատասխան տվեց․ - «Սասնա ծռերը» այս ցուցակի մեջ չկան, բայց «Սասնա ծռերի» դատավարությունը ցույց կտա ամեն ինչ, որովհետև արդար դատավարություն չի ընթանում»:

Առանձնացնելով անցած տարի արձանագրած մարդու իրավունքների խախտումները՝ իրավապաշտպանն անդրադարձավ 2017-ին դատարանի նկուղում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» 4 անդամներին ծեծի ենթարկելու դեպքին, շեշտեց, որ ամիսներ շարունակ իրավապահները քննում են այս գործը, բայց դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Եվ սա այն դեպքում, երբ ծեծկռտուքից հետո զինված խմբի անդամները անուններ էին հնչեցրել՝ մասնավորապես, մատնանշելով ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին։

Իշխանյանը նաև հիշատակեց զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, կալանավայրում մոտ մեկ ամիս տևած հացադուլից հետո հիվանդանոցում մահացած «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի դեպքը․ - «Ես համարում եմ, որ ամենաաղաղակող երկու դեպք է տեղի ունեցել անցյալ տարի, որ կարելի է նույնիսկ աննախադեպ համարել: Մեկը դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ ծեծ ու ջարդը: Սա աննախադեպ երևույթ է գուցե նաև համաշխարհային պատմության մեջ: Աննախադեպ մյուս դեպքը, ես կասեի, «Հաց բերողի» ողբերգական մահը»:

Իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում տեղ են գտել նաև 2017-ի խորհրդարանական ընտրությունները, երբ, ըստ Իշխանյանի, կոտրվեց ժողովրդի կամքը․ - «Սա եղավ ամենաանարդար ընտրությունները և ցույց տվեց, որ ժողովրդի պայքարը կոտրված է: Հեշտ է նստել և մեղադրել ժողովրդին, որ նրանք ծախվեցին: Ինձ բացարձակապես դուր չի գալիս, իհարկե, այդ երևույթը, որ մարդիկ 10 հազար դրամ վերցնում, գնում են: Առավել ևս դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք այդ 10 հազար դրամը տալիս են: Իսկ առավել ևս ինձ դուր չեն գալիս այն մարդիկ, որոնք հրահանգում են այդ մարդկանց, որ այդ 10 հազարները տան»:

Հարցին, թե որն է պատճառը, որ ժողովրդավարական կառույցների հետ աշխատող իշխանությունները շարունակում են խախտել մարդու իրավունքները, Իշխանյանը պատասխանեց․ - «Եթե քո նպատակը միայն իշխանություն պահպանելն է, քո իշխանությունը պահելն է, դա ուղիղ հակադարձ համեմատական է մարդու իրավունքների պաշտպանությանը»:

Բանտերում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն անդրադարձավ կալանավայրերում մարդու իրավունքների վիճակին։ Նշեց, որ բռնություններն ու կենցաղային վատ պայմանները այնտեղ շարունակվում են․ - «Նույն ութհոգանող խցում կարող է պահվել և տասնհինգ անձ, բայց մյուս դեպքում կարող է հինգ-վեց անձ պահվել այդ նույն խցում: Սա ոչ թե ավելի շուտ համատեղելիության հարցի հետ է կապված եղել, այլ որոշակի արտոնություններ ունենալ կամ չունենալու հետ է կապված եղել: Նաև հիերարխիկ հարաբերությունները կարելի է դիտել թիվ մեկ թիրախը: Ամենավատը նա է, որ ոչ թե այդ երևույթը առկա է, այլ որ այդ երևույթի դեմ պայքար չի գնում»:

Ռևազյանը նաև հիշեցրեց, ցմահ բանտարկյալներից ոչ ոք դեռեւս ազատ չի արձակվել։ Նշեց, որ Եվրոպական դատարանը նման նախադեպեր սահմանել է, սակայն Հայաստանում շարունակում են անտեսել դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG