Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունն Արտակ Զեյնալյանին և Արմեն Սարգսյանին հրավիրում է միաժամանակյա հանդիպման


Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել միաժամանակ հանդիպել «Ելք» և Հանրապետական խմբակցությունների Հայաստանի նախագահի թեկնածուների հավակնորդներ Արտակ Զեյնալյանի և Արմեն Սարգսյանի հետ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատություն» հետ զրույցում նշեց, որ եթե կողմերը չհամաձայնեն, իրենք պատրաստ են քննարկել հանդիպման այլ ձևաչափ։

«Քանի որ երկուսն էլ հայտնել էին, որ մտադիր են քաղհասարակության հետ հանդիպել, մենք որոշեցինք, որ շատ լավ կլինի, եթե մենք միաժամանակ երկուսի հետ հանդիպենք։ Եթե թեկնածուների հավակնորդներից որևէ մեկը կտրուկ դեմ լինի միաժամանակյա հանդիպմանը, մենք կարող ենք նաև քննարկել այլ տարբերակներ, այլ ֆորմատներ», - ասաց Իոաննիսյանը՝ նշելով, որ իրենց ոչ թե բանավեճն է հետաքրքրում, այլ հավակնորդների կարծիքները․ - «Քանի որ երկու հավակնորդ կա, ուզում ենք երկուսին էլ ներկայացնել մեր ակնկալիքները ապագա նախագահից՝ հաշվի առնելով նաև ապագա նախագահի փոփոխված ու կրճատված լիազորությունները, և ստանանք պատասխաններ, թե որքանով ընտրվելու դեպքում այդ ակնկալիքները կիրականացվեն»:

Նշենք, որ երկու ամսից գործող նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Մարտի 2-ին խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Ընդդիմադիր «Ելք»-ը առաջարկել է խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեություն ծավալած Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, իշխող Հանրապետականը՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG