29-ամյա Սիփան Ասատրյանը 2006 թվականից մինչև այսօր մեծ դժվարությամբ է շարունակում ուսումը հայաստանյան բուհերում՝ փորձելով հաղթահարել բուհերի անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Այժմ մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասպիրանտուրայի հայցորդ է:
«Հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում կրթություն ստանալը հեշտ չէ, ամեն ինչ թողնված է բախտի քմահաճույքին», - ասում է Սիփան Ասատրյանը: - «Ես պետք է գտնեմ ինձ համար կարդացողներ, ես պետք է լուծեմ այդ գրքերի թվայնացման հարցը, ինքս պետք է գտնեմ այնպիսի մարդ, ով կարողանա սովորեցնել համալսարանի տարածքում տեղաշարժվել․․․ Գրատախտակին ինչ-որ բան է գրվում, բնականաբար ես դուրս եմ մնում այդ պրոցեսից: Շատ ժամանակ հաշմանդամություն ունեցող անձը բեռ է դառնում համալսարանի վրա»:
Տեսողական խնդիրներ ունեցող Սիփանը պատմում է, որ դասախոսները հաճախ պարզապես գնահատական են նշանակել՝ խուսափելով քննություն անցկացնելուց և ժամանակ տրամադրելուց․ - «Պատկերացրեք, չլսող անձը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպե՞ս նա պետք է ներգրավվի ուսումնական պրոցեսին, եթե չկան ժեստերի լեզվով հաղորդակցվող մասնագետներ: Տեսողության խանգարում ունեցող անձանց պետք է ապահովել ուսումնական նյութերով»:
Բուհերի անմատչելիությունն իր վրա է զգացել նաև Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, թարգմանիչ Արմինե Ղազարյանը, ով սովորել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ԱՄՆ-ում և Անգլիայում:
Արտերկրում սովորելու տարիներին դժվարությունների չի հանդիպել․ օրենքով կարգավորված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Սրան զուգահեռ հիշում է, թե ինչ դժվարությունների միջոցով է անցել հայաստանյան բուհերում․ - «Ինչո՞ւ պետք է զգա 18 տարեկան մարդը էն, ինչ ես եմ զգացել: Երբ դու քո ծնողին ստիպում ես գործից հետո ժամերով կարդալ, գիրքը ձեռքին քնել, կանգնած․․․»
Մարդկանց բարի կամքի դրսևորումից զատ, հաշմանդամություն ունեցող անձինք ցանկանում են կրթություն ստանալու համապատասխան օրենսդրական երաշխիքներ ունենալ:
Հունվարին կառավարությունը հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով:
«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը Կրթության և գիտության նախարարությանը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթության իրավունքի իրացման հետ: Ասում է՝ տերմինների մասին իրենց առաջարկներն ընդունվել են, իսկ մյուսները, որոնք վերաբերում են մատչելի կրթության ապահովմանը՝ դեռ տեղ չեն գտել օրինագծում․ - «Սա անընդունելի ենք համարում բոլոր առումներով՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով, որովհետև նախագիծը չի քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ, որևէ կարծիք չեն լսել տարբեր խնդիրներ ունեցող անձանցից: Սա ոչ միայն խախտում է հաշմանդամություն ունեցող անձի կրթության իրավունքը, այլև նրա արժանապատիվ ապրելու իրավունքը»:
Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վաղը նախատեսվում է հանդիպում «Դիսըբիլիթի ինֆո» կազմակերպության հետ, որի ընթացքում էլ կքննարկվեն բոլոր խնդիրներն ու համապատասխան որոշումներ կկայացվեն: Իսկ մինչ այդ նախարարությունը զերծ է մնում որևէ մեկնաբանությունից:
Հաշմանդամություն ունեցող անձինք կարծում են, որ օրենքներ մշակելիս իրենց կարծիքը ևս պետք է հաշվի առնել․ - «Հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքներ են մշակում լավ տեսնող, լավ լսող մարդիկ, լավ քայլող մարդիկ, ովքեր պատկերացում չունեն հաշմանդամության վերաբերյալ: Իրոք ժամանակն է սառույցը տեղից շարժել»: