Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին՝ զերծ մնալ կտրուկ քայլերից և հարգել հարևան պետությունների, մասնավորաբար, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրևան:
«Թուրքիան պետք է առանց վերապահումների բարիդրացիական հարաբերությունների պահպանի հարևանների հետ և զերծ մնա իրադրությունը սրող ցանկացած գործողություններից կամ Եվրամիության անդամ հանդիսացող պետության հանդեպ հնչեցվող ցանկացած սպառնալիքից»:
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի այս հայտարարությունը հնչեց երեկ Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրքական ռազմածովային ուժերը թույլ չէին տվել իտալական ENI էներգետիկ կոնցեռնին պատկանող նավերից մեկին` հետազոտական աշխատանքներ կատարել Միջերկրական ծովի` գազի հարուստ պաշարներ ունեցող հատվածում: Միջերկրականի այդ հատվածը գտնվում է Կիպրոսի ծովային տարածքում: