Մատչելիության հղումներ

Փհենչհանի խաղերը մեկնարկեցին, մինչ այդ մերժվեց 47 ռուս մարզիկների հայցը


Դրվագ Փհենհչան-2018 ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից, 9-ը փետրվարի, 2018 թ․

Հարավկորեական Փհենչհանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունից ժամեր առաջ Սպորտի հարցերով միջազգային արբիտրաժային դատարանը հրապարակեց ռուսաստանցի որակազրկված մարզիկների բողոքարկման հայցով վճիռը, որով մերժեց 47 ռուսաստանցիների հայցը: Վերջիններս վիճարկում էին Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ իրենց մասնակցությունն արգելող որոշումը:

Այսպիսով՝ ռուսաստանցի 45 մարզիկ և երկու մարզիչ չկարողացան ապացուցել, որ ՄՕԿ-ի արգելող որոշումը խտրականության արդյունք է, շինծու կամ անարդար, ինչպես նշված էր հայցում: Դեկտեմբերին, հիշեցնենք, Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել էր Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը ձմեռային օլիմպիական խաղերին: Որոշումը պատճառաբանվել էր Սոչիում 2014 թվականին անցկացված ձմեռային օլիմպիադային նախորդած շրջանում խթանիչների համատարած (և պետական աջակցությամբ) օգտագործման հանգամանքով:

ՄՕԿ-ը հաղորդել էր նաև, որ խթանիչներ չօգտագործած ռուսաստանցի մարզիկները կարող են օլիմպիադային մասնակցել միայն ՄՕԿ-ի դրոշի ներքո: Նրանց հաղթանակի դեպքում Ռուսաստանի օրհներգը չի հնչի և պետական դրոշը չի բարձրացվի: ՄՕԿ-ը և Հակադոպինգային համաշխարհային գործակալությունն այսօր ողջունել են դատարանի վճիռը՝ այն գնահատելով որպես «աջակցություն դոպինգի դեմ պայքարին»: «Այդ որոշումը կայացվել է հանուն մարզիկների և բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են մաքուր սպորտով»,- այսօր հայտարարել է գործակալության նախագահը:

Կրեմլը, մինչդեռ, ափսոսանք է հայտնել Սպորտի հարցերով միջազգային արբիտրաժային դատարանի վճռի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Մոսկվան դեռ կվերադառնա այդ հարցին, բայց «նախ՝ ավելի կարևոր է մարզիկներին աջակցելը»: Ռուսաստանյան սպորտի ոլորտը համակարգող փոխվարչապետ Վիտալի Մուտկոն էլ հայտարարել է՝ «թեև դատարանի վճիռը սպասելի և հասկանալի է, այդուհանդերձ ցավալի է»:

Այսօր մեկնարկած 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում է 92 երկիր, որոնցից վեցը՝ Կոսովոն, Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը, Էկվադորը և Էրիթրեան՝ առաջին անգամ: Հայաստանն այս խաղերում ներկայացնում են երեք մարզիկներ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Երկար դադարից հետո առաջին անգամ օլիմպիադիային մասնակցում է նաև Հյուսիսային Կորեան, որի պատվիրակությունը գլխավորում է Գերագույն ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը: Նա համարվում է երկրի, այսպես ասած՝ «արարողակարգային» ղեկավարը: Ի դեպ՝ խաղերի բացմանը մասնակցում է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը: Նա Հյուսիսային Կորեայում իշխող գերդաստանի առաջին ներկայացուցիչն է վերջին 60 տարվա ընթացքում, ով այցելում է Հարավային Կորեա: Նրան այնտեղ ողջունել են երկրի նախագահն ու առաջին տիկինը:

Օլիմպիական խաղերին Փհենյանի մասնակցության որոշումը վերլուծաբանները գնահատում են որպես կարևոր քայլ՝ երկու հարևան երկրների հարաբերություններում առկա աննախադեպ լարվածության թուլացման ուղղությամբ: Բացման արարողությանը կորեական երկու պետությունների մարզիկները մասնակցելու են մեկ՝ «վերամիավորման դրոշի» ներքո, որի վրա պատկերված է կորեական թերակզու բաց կապույտ ուրվագիծը:

Հարավկորեական Փհենչհանը օլիմպիական խաղերը հյուընկալելու իրավունք է ստացել երրորդ փորձից, 2010 թվականին զիջելով Վանկուվերին, 2014-ին՝ Սոչիին: Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղաքաղաքում ձմեռը երկար և ձյունառատ է լինելում, ինչն իդեալական պայմաններ է ապահովում ձմեռային մարզաձևերի համար: Սակայն շատերին այստեղ մտահոգում է ոչ թե եղանակը, այլ այն, որ հյուսիսկորեական սահմանը գտնվում է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG