Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՆԳ նախարարը նախագահի և վարչապետի հետ կքննարկի Հայոց պատրիարքի ընտրության հարցը


Արքեպիսկոպոսներ Գարեգին Բեքչյան (աջից) և Արամ Աթեշյան

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ կքննարկի Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը: «Ակօս» պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին Սոյլուն հայտնել է չորեքշաբթի օրը հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը և մի շարք այլ թուրք պաշտոնյաներ:

Նախարարը լսել է հայ համայնքի մտահոգությունները՝ կապված օրերս Պատրիարքարան ուղարկված նամակի հետ, որով թուրքական պատկան մարմինները հայտնում էին, թե չեն ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին իբրև պատրիարքական տեղապահ:

Նոր Պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խմբի խոսնակ, փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, անդրադառնալով այս նամակի բովանդակությանը, իր խոսքում նշել է, որ այն անփույթ գրված փաստաթուղթ է: Նա ընդգծել է, որ Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին հանգստյան կոչելը և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին պատրիարքական տեղապահ ընտրելը կատարվել է եկեղեցական կանոնադրության համաձայն: Ասլանգիլը տարակուսել է՝ իշխանությունների ուղարկած նամակով կարծես կրկին իրենց պարտադրվում է փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, այնինչ Հոգևոր խորհրդի որոշմամբ նրա պաշտոնավարումը դադարեցվել է:

Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարին հայտնել են իրենց դիրքորոշումը՝ անհրաժեշտ է անհապաղ պատրիարքական ընտրություններ ձեռնարկել:

Նախարար Սուլեյման Սոյլուն, լսելով ներկաներին, իր հերթին նշել է, թե պետությունը օրենքներով է առաջնորդվում և պարտավոր է աջակցել պատրիարքական փոխանորդին: Պոլսո «Ժամանակ» օրաթերթը գրում է, թե Սոյլուն խորհուրդ է տվել Պատրիարքի ընտրության հարցում «չշեղվել ավանդական ճանապարհից»: Նախարարը նշել է, որ մոտ մեկ ամիս անց կրկին կհանդիպեն համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, ամիսներ տևած լռությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ի վերջո պատասխանել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ դեռ անցած տարվա օգոստոսին ուղարկված դիմումին: Թուրքական իշխանությունները հայտնել էին, որ Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, նրա առողջական խնդիրները Պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ նոր Պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, իսկ տեղապահ Գարեգին Բեքչյանի ընտրության գործընթացը, ինչպես նաև նրա կայացրած որոշումներն անվավեր են համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG