Մատչելիության հղումներ

Վահագն Աբգարյանի խմբի օգտին գործողություններ կատարելու կասկածանքով ՔԿ ծառայող է ձերբակալվել


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ «Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու» կասկածանքով երեկ ձերբակալվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ծառայողը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:

Դատախազությունը հիշեցնում է, որ Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար սույն քրեական գործի շրջանակում նախօրեին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել Քննչական կոմիտեի մեկ այլ ծառայողի, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 13-ի կեսօրին Ալավերդիում ծաղկի վաճառքի սրահի դիմաց ատրճանակից արձակված կրակոցներով սպանվել է քաղաքի 39-ամյա բնակիչ Կամո Փիրուզյանը: Սպանության համար մեղադրվում է նույն քաղաքի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Դավթյանը: Վերջինս, ըստ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների, հանդիսանում է Վահագն Աբգարյանի «կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով», ասված էր դատախազության անցած ամիս տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG