Մատչելիության հղումներ

Ալավերդու քաղաքապետը ցնցված է քաղաքում տեղի ունեցած հերթական աղմկահարույց սպանությունից


Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Ալավերդի, 17-ը հունիսի, 2017թ․

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն ինքն էլ ցնցված է իր ղեկավարած քաղաքում օրերս տեղի ունեցած հերթական աղմկահարույց սպանությունից։ Այդ մասին նա հայտարարեց «Ազատության» հետ զրույցում:

«Իհարկե, շատ բացասական եմ վերաբերվում, չափից դուրս բացասական։ Եվ ամեն ինչ անելու եմ, ինչ իմ ուժից գալիս ա, որպեսզի նպաստեմ, որ էդ արատավոր երևույթները վերանան», - շեշտեց նա:

Հունիսի 13-ի ուղիղ կեսօրին, Ալավերդու ամենամարդաշատ վայրում՝ սուպերմարկետ դարձած նախկին շուկայի շենքի մոտ, սպանվել է 39-ամյա Կամո Փիրուզյանը: Դեպքի կապակցությամբ կալանավորվել է «Վլե» մականունով հայտնի 26-ամյա Վլադիմիր Դավթյանը: Ըստ ականատեսների, նա սպանությունից հետո զենքը թողնելով դեպքի վայրում՝ հանձնվել է իրավապահներին։

Քաղաքապետը, պնդելով, որ չի ճանաչում դեպքի մասնակիցներին, շեշտեց. - «Մասսայական տեղ, էս էլ որերորդ սպանությունը մեր քաղաքում։ Մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր։ Վերջը, էս ժողովուրդը վախում են դուրս գան։ Ե՞րբ պտի վերջ տրվի սրան»։

Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ ապօրինի զենք պահելու և սպանության հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի նկատմամբ։

Հայտնի է, որ սպանված Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, դեռ անցած տարվանից հետախուզման մեջ է երկու այլ անձանց սպանելու մեղադրանքով։

Նշենք, որ վերջին 7 տարիներին Ալավերդիում միմյանց հետ կապված, վրիժառություն ենթադրող 5 սպանություն է տեղի ունեցել։

Քաղաքը ցնցվեց նաև այս տարվա փետրվարին, երբ դեռ 4 տարեկանը չբոլորած Ռոբերտ Դալլաքյանը դուրս էր եկել մանկապարտեզից, ուր ընդամենը երկու օր էր հաճախում, հարող փողոցով մոտ 500 մետր քայլելով իջել էր Դեբեդ գետի ափ, ընկել գետը և ջրախեղդ եղել: Օրերս Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհու նկատմամբ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հայտնեց, որ դեպքից անմիջապես հետո աշխատանքից ազատել են մանկապարտեզի տնօրենին և դաստիարակչուհուն։

«Ինձ դիմել են ծնողներ, անգամ մահացած երեխայի ծնողը, պապը, որ մեր խաթեր ինչի եք էդ մարդկանց հանում, կամ էս անում, կամ էն անում, ես ասել եմ՝ չէ, մինչև քննությունը չավարտվի, նման հարցերի շուրջ պետք չի խոսել», - պատմեց քաղաքապետը:

Նա վստահեցրեց, թե ամեն ինչ արել են հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար․ - «Համենայն դեպս, մենք մեր քայլերը ձեռնարկել ենք, բոլոր կոլեկտիվներում խոսացել ենք, որոշակի միջոցներ ենք ձեռնարկել, այսինքն՝ մուտքի դռանն ուշադիր լինեն, տարածքն ենք ուսումնասիրել, որպես տեխնիկական միջոց զանգ ենք տեղադրել բոլոր մանկապարտեզներում»։

Փոքրիկ Ռոբերտը դեպքից երկու ամիս անց չորս տարեկան կդառնար։ Նա ընտանիքի միակ երեխան էր։ Նրա հարազատները հրաժարվեցին հարցազրույցից, բայց «Ազատությանն» ասացին՝ սխալ են այն պնդումները, թե երեխան համր է եղել ու առողջական խնդիրներ ունեցել։ Ընդամենը երկու օր մանկապարտեզ հաճախած իրենց երեխայի հետ տեղի ունեցածը համարում են ուշադրության պակասի հետևանք։

«Մենք ամեն ինչ արել ենք, մինչև էդ էլ էինք անում, հիմի էլ ավելի ենք խստացրել, որպեսզի Աստված ոչ անի՝ նման դեպք չկրկնվի», - նշեց քաղաքապետը:

Մոտ մեկուկես տարի առաջ քաղաքապետ դարձած Կարեն Փարեմուզյանն «Ազատությանը» տված հարցազրույցում խոսեց նաև Ալավերդու խնդիրների մասին։ Ասաց՝ իր քաղաքապետ դառնալու հետ քաղաքը զրկվել է 100 միլիոն դրամի բնապահպանական վճարներից ու պղնձաձուլական գործարանի կողմից ամեն տարի 50 միլիոն դրամի չափով արված սոցիալական ծրագրերից։

«Էնքան բան կա անելու քաղաքում՝ թե՛ ենթակառուցվածքների հետ կապված, թե՛ աշխատատեղերի ստեղծման հետ կապված, որ միանգամից, մի տարվա, իմ պարագայում՝ մի տարի 8 ամսվա մեջ էդ ամեն ինչը փոխելը ռեալ չի», - ընդգծեց Փարեմուզյանը:

Քաղաքապետարանը ծրագիր է ներկայացրել կառավարություն տեքստիլ արտադրության ավանդույթներ ունեցող քաղաքում կարի նոր արտադրամաս հիմնելու մասին։ Նպատակ ունեն առաջին փուլում 600, իսկ հետագայում՝ մինչև 1000 նոր աշխատատեղ ստեղծել։

«Պետությունը իրա կողմից իր խոստումը տվել ա ու պատրաստ ա էդ խոստումը պահելու։ Եթե մի քաղաքում 600 կին միաժամանակ տանից դուրս են գալիս, գնում են աշխատանքի, դա մի քանի բանին ա նպաստում: Այսինքն՝ ավտոբուսներ, խանութներ, այսինքն՝ էդքան գումար հոսքը ավելանում ա քաղաքի մեջ։ Այսինքն՝ մի քանի ճյուղ միանգամից, շատ ռեզկի սկսում ա զարգանալը», - ասաց Փարեմուզյանը:

Մինչ այդ, Ալավերդու քաղաքապետը գործազրկության և արտագաղթի մեծ ցուցանիշներ ունեցող քաղաքը համեմատում է ուրիշ համայնքների հետ ու ասում․ - «Շատ կարևոր ա, որ ցանկացած ալավերդցի լավատես լինի, իրա քաղաքի վրա ցեխ չշպրտի: Մի հատ պետք ա կողքերքներդ նայեք, էլի։ Թու-թու-թու, մեր վիճակը՝ համեմատ ուրիշ համայնքների, շատ ավելի լավ ա։ Մեզ համար դա համարում ենք ներքևի պլանկա, բայց երբ որ համեմատական ենք տալի, տեսնում ենք, որ, չէ, մենք մի քայլ առաջ ենք, երկու քայլ առաջ ենք, չէ՞»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG