Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Այս մասին հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:
Գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ):
ՀՔԾ քննիչների քննչական գործողությունների, ԱԱԾ-ի և Ոստիկանության օպերատիվ հետախուզական միջոցառումների, նախաքննության ընթացքում դատախազական համապատասխան ներգործության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա որպես մեղադրյալ են ներգրավվել 13 անձինք, որոնց թվում են, ըստ հաղորդագրության, բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը, ավագ պետական տեսուչը, «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապետը, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի երեք անտառապետեր, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության անտառապահը: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով «Հայանտառ»-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ շուրջ 1․5 միլիարդ դրամի վնաս:
Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց պարզելու, յուրաքանչյուր անձի արարքին համարժեք իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է: