Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է մարտի 18-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը:
ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ այսօր պաշտոնապես գրանցվել են Քսենիա Սոբչակի և Մաքսիմ Սուրայկինի թեկնածությունները: Այսպիսով՝ նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու:
ԿԸՀ-ն ավելի վաղ գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի, գործարարների օմբուդսմեն, Զարգացման կուսակցության ղեկավար Բորիս Տիտովի, ազգայնական գործիչ, Ռուսաստանի համաժողովրդական կուսակցության ղեկավար Սերգեյ Բաբուրինի, «Յաբլոկո» ազատական կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկու, լիբերալ-դեմոկրատների ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու և Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Պավել Գրուդինինի թեկնածությունները:
Ընդդիմադիր առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ և Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին զրկել են առաջադրվելու հնարավորությունից, և նա կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Խորհրդային ՊԱԿ-ի սպա Պուտինը երկու անգամ 4 տարի ժամկետով զբաղեցրել է նախագահի պաշտոնը, 2008 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, աշխատել է որպես վարչապետ, ապա 2012 թվականին արդեն 6 տարվա ժամկետով ընտրվել է նախագահ:
Վերլուծաբանների համոզմամբ, այս անգամ էլ Պուտինը կվերընտրվի, սակայն 2024 թվականին նա այլևս չի ունենա առաջադրվելու իրավունք: