Մատչելիության հղումներ

ՌԴ ԿԸՀ-ն միաձայն գրանցեց Պուտինի թեկնածությունը


ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովա, արխիվ
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովա, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեկորդ է սահմանում նաև թեկնածության համար անհրաժեշտ ստորագրությունների առումով․ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն այսօր միաձայն հաստատել են գործող նախագահին մարտին կայանալիք ընտրություններում որպես թեկնածու գրանցելու որոշումը։

Ըստ օրենքի, ինքնաառաջադրված թեկնածուն գրանցման համար պետք է ներկայացնի 300 հազար ձայն։ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պանֆիլովան հայտարարել է, թե անվավեր է ճանաչվել Պուտինի համար ներկայացված ստորագրությունների ընդամենը 0,39 տոկոսը, ինչը «ռեկորդային ցուցանիշ է»:

Ռուսաստանցիներն առաջիկա ընտրությունների քվեաթերթիկում, ամենայն հավանականությամբ, կտեսնեն ութ անուն՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտին, ԼԴՊՌ կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրնովսկի, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր՝ լիբերալ համարվող Գրիգորի Յավլինսկի, լրագրող Քսենիա Սոբչակ, Կոմկուսի թեկնածու՝ միլիոնատեր Պավել Գրուդինին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտով, «Ժողովրդական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրին և «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության թեկնածու Մաքսիմ Սուրայկին:

Նշված անձանց արդեն պաշտոնապես նախագահի թեկնածու գրանցելու մասին ՌԴ ԿԸՀ-ն կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջը: Մինչ այդ թեկնածուները կարող են ինքնակամ դուրս գալ ընտրապայքարից: «Ինչպես տեսնում եք՝ իրական մրցակցություն կա»,- ԿԸՀ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան:

Դիտորդները չեն կասկածում, որ մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթանակ կտանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով այդ պաշտոնին հավակնում է արդեն չորրորդ և, ըստ գործող Սահմանադրության, վերջին անգամ։

Ռուսաստանցիները նախագահ են ընտրում 6 տարի ժամկետով։ Պուտինն այժմ 65 տարեկան է։ Տեսականորեն 6 տարի անց 71-ամյա Պուտինը կարող է դարձյալ իր համար ժառանգորդ նշանակել, ինչպես եղավ 2008 թվականին, ու ևս 6 տարին անց՝ 77 տարեկանում, նորից վերադառնալ Կրեմլ։ Որոշ փորձագետներ, սակայն, կարծում են, որ «բանը դրան չի հասնի», ու հնարավոր է, որ Ռուսաստանի Սահմանադրությունը դարձյալ փոփոխվի՝ Պուտինին իշխանության ղեկին պահելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG