Մատչելիության հղումներ

Թույլ չենք տա, որ Փհենյանը օլիմպիադան օգտագործի քարոզչական նպատակներով․ ԱՄՆ փոխնախագահ


Մայք Փենսը Ալյասկայում, 5-ը փետրվարի, 2018 թ․

Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը: Ուղևորությունից առաջ նա մամուլի ասուլիս է տվել և վերահաստատել Հյուսիսյաին Կորեային ուղղված պահանջները՝ վերջ տալ միջուկային զենք ստեղծելու ծրագրին և հրթիռների փորձարկումներին: Փենսը, միաժամանակ, չի բացառել Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ շփումների հնարավորությունը:

Մայք Փենսը նախ ուղևորվել է Ճապոնիա, որտեղ հանդիպելու է այդ երկրի վարչապետ Սինզո Աբեի հետ, նաև այցելելու է Յոկոտայի ամերիկյան ավիաբազա: Փետրվարի 8-ին նա Ճապոնիայից մեկնելու է Հարավային Կորեա: Մինչ այդ Ալյասկայում ԱՄՆ փոխնախագահը մամուլի ասուլիս է տվել:

«Ես գնում եմ, անշուշտ, առաջին հերթին ոգևորելու մեր մարզիկներին, բայց, անկեղծ ասած, մեր այցը նաև նպատակ ունի՝ կանխել Հյուսիսային Կորեայի կողմից ձմեռային օիմպիական խաղերը քարոզչության համար օգտագործելը: Մենք գնում ենք՝ ներկայացնելու ճշմարտությունը նրանց ռեժիմի մասին: Ռեժիմ, որը կեղեքում է սեփական ժողովրդին և սպառնում աշխարհի երկրներին: Ռեժիմ, որը շարունակում է միջուկային զենք ու բալիստիկ հրթիռներ ստեղծելու իր ծրագրերը՝ դրանով սպառնալով հարևաններին ու անգամ Միացյալ Նահանգներին»,- ասել է Փենսը:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի պատվիրակության պաշտոնյաների հետ շփումների հնարավորությանը, այդ առնչությամբ ԱՄՆ-ի փոխնախագահն ասել է, թե նման հանդիպման խնդրանք չկա, «բայց կտեսնենք ինչ կպատահի»: Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ հնարավորության դեպքում Փենսը հանդիպում կունենա Հյուսիսային Կորեայի պատվիրակության որևէ պաշտոնյայի հետ, ԱՄՆ փոխնախագահը պատասխանել է․ «Նախագահ Թրամփը միշտ էլ կողմ է երկխոսությանը, բայց նման հանդիպման որևէ դիմում չկա, տեսնենք, թե ինչ կլինի»:

Նա ընդգծել է նաև, որ անկախ Հյուսիսային և Հարավային Կորեաների թիմերի համագործակցությունից, Հյուսիսային Կորեան պետք է մեկընդմիշտ հրաժարվի միջուկային զենք ստեղծելու և բալիստիկ հրթիռներ ունենալու հավակնություններից: «Հյուսիսային Կորեան պետք է ընդունի ոչ միայն տարածաշրջանի երկրների ու Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի երկրների ցանկությունը, պետք է հրաժարվի իր հավակնոտ ծրագրերից և միանա աշխարհի ազգերի ընտանիքին: Հյուսիսային Կորեան կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան ռազմականացման ուղին է, քան սադրանքների և հակամարտությունների ուղին է: Կարող է գնալ իր սեփական ժողովրդի, տարածաշրջանի երկների համար ավելի լավ ճանապարհով, խաղաղության ճանապարհով»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Չնայած Հարավային Կորեայի լավատեսությանը, որը ողջունում է հարաբերությունները բարելավելու մասին Հյուսիսային Կորեայի հայտարարությունները, ԱՄՆ-ն Փհենյանին չի վստահում: Հյուսիսային Կորեան արտիստներից բաղկացած մի բազմամարդ խումբ է ուղարկել Հարավային Կորեա՝ օլիմպիական խաղերի օրերին ելույթներ ունենալու համար: Նրանք համերգներ են տալու փետրվարի 8-ին Փհենչանի մոտ, որտեղ անցկացվելու է օլիմպիադան, փետրվարի 11-ին էլ՝ մայրաքաղաք Սեուլում: Փհենյանի ավտոկայանում նրանց ճանապարհել է անձամբ Հյուսիսային Կորեայի ղեկավարի քույրը՝ Կիմ Յո Յոնգը: Նրանք ավտոբուսներով գնացել են երկաթուղային կայարան, այնտեղից նավահանգիստ, իսկ այսօր էլ մեծ լաստանավով 140 հոգուց բաղկացած խումբը հասել է Հարավային Կորեա:

Կորեական թերակղզու երկու երկրների միջև հաղորդակցություն չկա, բայց այս լաստանավի համար ճանապարհը բաց էր: Փհենչանում Օլիմպիական խաղերի բացմանը Հյուսիսային և Հարավային Կորեաների պատվիրակությունները քայլելու են Կորեայի մեկ դրոշի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG