Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին:
Ըստ հաղորդագրության, 2018-ի հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Կոմիտեն նշում է որ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
«Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի բնակիչը 2018թ. հունվարի 24-ին` ժամը 12:30-ի սահմաններում, իր երեխայի ծննդյան նպաստն ստանալու նպատակով գնացել է բանկ, որտեղ պարզել է, որ, սահմանված կարգի համաձայն, նպաստն առձեռն չի տրամադրվում և սկսել է բարձրաձայն դժգոհել, ինչի կապակցությամբ բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է հրավիրել: Այնուհետև՝ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ հասանելիք նպաստը չտրամադրելու վերաբերյալ իր պատկերացմամբ կատարված հանցագործության մասին: Ոստիկանության տեսուչն իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված մեկնել է քաղաքացու բնակարան՝ ահազանգն ստուգելու նպատակով: Քաղաքացին, ոստիկաններին մեղադրելով նպաստը չտրամադրելու մեջ, վիճաբանել է և գլխով հարվածել ոստիկանության տեսուչի դեմքին», - ասված է հաղորդագրությունում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի [իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ] հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: