Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին բողոքարկում է իրեն փախստականի կարգավիճակ չտրամադրելու որոշումը


Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Կիևում կայացած բողոքի հանրահավաքում, 4-ը փետրվարի, 2018 թ․
Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Կիևում կայացած բողոքի հանրահավաքում, 4-ը փետրվարի, 2018 թ․

Կիևում վերաքննիչ դատարանն այսօր լսում է Միխեիլ Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ Միգրացիոն ծառայության և առաջին ատյանի դատարանի որոշման: Միգրացիոն ծառայությունն իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել Սաակաշվիլիի դեմ:

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունն ավելի վաղ մերժել էր Սաակաշվիլիի՝ իրեն փախստականի կարգավիճակ և լրացուցիչ պաշտպանություն տրամադրելու մասին դիմումը, ինչից հետո Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր դատարան, որը, սակայն, Միգրացիոն ծառայության որոշումը թողել էր ուժի մեջ: Այժմ Սաակաշվիլին վերաքննիչ ատյանում է բողոքարկում հիշյալ որոշումները:

«Ես ոչ մի երկրի անձնագիր չունեմ, միայն այս թուղթն է հաստատում, որ ես գոյություն ունեմ: Հիմա Պորոշենկոյի դատարանը ցանկանում է ինձ զրկել այս թղթից»,- դատարանում հայտարարել է «Ուկրաինայի նոր ուժեր» ընդդիմադիր շարժման առաջնորդ Սաակաշվիլին: Չնայած վերջինիս շփումներն իր համակիրների հետ սահամանափակվել են, նրան, այդուհանդերձ, հաջողվում է բազմամարդ ցույցեր կազմակերպել:

Հունվարի 26-ին Վերաքննիչ դատարանը Սաակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել, այսպես ասած՝ «գիշերային տնային կալանքը»: Դա նշանակում է, որ երեկոյան ժամը 10-ից հետո նա պարտավորվել է գտնվել տանը: Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են հանցավոր խմբավորմանն աջակցելու մեջ: Նրան մեղադրում են նաև Ռուսաստան փախած ուկրաինացի գործարար Սերգեյ Կուրչենկոյից 500 հազար դոլար ստանալու և այդ միջոցներով Ուկրաինայում հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեջ: Սաակաշվիլին, սակայն, կտրականապես մերժում է այդ մեղադրանքները, իր հերթին Ուկրաինայի իշխանություններին մեղադրելով ստախոսության և սադրանքներ կազմակերպելու մեջ, ինչի նպատակն իրեն Ուկրաինայից հեռացնելն է:

Երեկ Օդեսայի նախկին նահանգապետը մեծ ցույց էր կազմակերպել Կիևում, որն ընթացավ «Հանուն ապագայի» կարգախոսի ներքո: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Ցուցարարները վանկարկում էին «իմպիչմենտ», «ազատություն քաղբանտարկայլներին», «բանդա, հեռացի՛ր»: Ոստիկանությունը փակել էր կենտրոնական Կրեշչատիկ պողոտան և Անկախության հրապարակ տանող ուղիները, ինչի պատճառով ցուցարարները շարժվեցին դեպի Եվրոպական հրապարակ:

Ելույթ ունենալով այդ հրապարակում, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին խստորեն քննադատեց նախագահ Պետրո Պորոշենկոյին ու գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին ու ասաց, որ ամանորյա արձակուրդներին վերջիններս հանգստացել են արտասահմանում այն դեպքում, երբ շարունակվում է պատերազմը Դոնբասում, ուկրաինացիների զգալի մասն էլ ապրում է աղքատության մեջ: Հանրահավաքը Պորոշենկային կոչ է արել մինչև փետրվարի 18-ը դուրս գալ հրապարակ և կամովին հրաժարական տալ:

«Եթե նա այժմ ինքնակամ հեռանա, խուսափելով արյունահեղությունից, նրան շատ բան կներվի, բայց ցանկանում եմ զգուշացնել՝ եթե նա շարունակի բռնաճնշումների ենթարկել մարդկանց, ապա պատիժը շատ խիստ կլինի, ժողովրդի զայրույթից նրան ոչինչ չի փրկի»,- հանրահավաքում հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

«Մարդիկ չեն ընդունում այս իշխանությունը, դրա համար է նախագահի իմպիչմենտի և կոռումպացված ողջ կառավարության հրաժարականի պահանջով նման երթ անցկացվում»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG