Մատչելիության հղումներ

«Կորի՛ր, ավազակախումբ». Սաակաշվիլին Կիևում հերթական բողոքի երթն է անցկացրել


Սաակաշվիլին՝ երթի ժամանակ, 4-ը փետրվարի, 2018թ.
Սաակաշվիլին՝ երթի ժամանակ, 4-ը փետրվարի, 2018թ.

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլին երեկ կիրակի օրը Կիևում բողոքի հերթական երթն է անցկացրել, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ։

Ցուցարարները պահանջել են Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականը։

Երթի մասնակիցները վանկարկում էին «կորի՛ր, ավազակախումբ», «հրաժարական», «ազատություն քաղբանտարկյաներին»։

Սաակաշվիլին իր ելույթում կրկին քննադատել է Պորոշենկոյին ու Լուցենկոյին՝ պնդելով, թե երկուսն էլ ամանորյա արձակուրդներին հանգստացել են արտասահմանում, այն դեպքում, երբ Սաակաշվիլիի խոսքով՝ երկրում պատերազմը շարունակվում է և ուկրաինացիների գերիշխող մեծամասնությունն աղքատ է։

Բողոքի երթի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում կոչ են արել երկրին նախագահին փետրվարի 18-ին դուրս գալ Մայդան և հայտարարել հրաժարականի մասին։

«Եթե նա այսօր հեռանա առանց արյունահեղության, առանց քաղաքացիական պատերազմի, ուկրաինացիները բարի են, համոզված եմ, նրան շատ բան կներեն և հանգիստ կթողնեն, իսկ, եթե շարունակեք հետապնդել մարդկանց, ապա պատիժը շատ խիստ կլինի և ժողովրդի զայրույթից նրան ոչինչ չի փրկի։ Մոսկվա նա չի կարող փախչել, իսկ Արևմուտքը նրան չի ընդունի», - հայտարարել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք՝ Կիևի դատարանի հունվարի 26-ի վճռով Սաակաշվիլին մինչև փետրվարի 5-ը գտնվում է գիշերային տնային կալանքի տակ, ինչը, սակայն, չի խանգարում Վրաստանի նախկին նախագահին բազմահազարանոց բողոքի երթեր կազմակերպել Կիևի կենտրոնում։

Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են Ռուսաստանում գտնվող ուկրաինացի բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոյից 500 հազար դոլար ստանալու մեջ։ Իբր Սաակաշվիլին այդ գումարը ստացել է Ուկրաինայում նոր Մայդան կազմակերպելու համար։ Սաակաշվիլին չի ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG