Մատչելիության հղումներ

Անչափահասին պատանդ վերցնելու փաստով քրգործ է հարուցվել, կասկածյալը ձերբակալվել է


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Վ. Աբգարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստերը նույն քաղաքի բնակչուհիներից մեկը խաբեությամբ իր տուն է տեղափոխել և պահանջել վերադարձնել պարտքը։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Եղվարդի բնակչուհիներից մեկը, օգտագործելով տարիների ընթացքում իրենց ընտանիքների միջև ձևավորված մտերմիկ հարաբերությունները, խաբեությամբ, խանութ գնալու պատրվակով, իր բնակության հասցե է տեղափոխել Վ. Աբգարյանի անչափահաս՝ 10-ամյա դստերը և նրա մորից պահանջել վերադարձնել պարտք մնացած 30 հազար ՀՀ դրամ գումարը։ Հակառակ պարագայում սպառնացել է չազատել երեխային», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է երեկ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ «անչափահասին պատանդ վերցնելը», որի համար սահմանված է 6-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

Անչափահասը ճանաչվել է տուժող, կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG