Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում և՛ բնակչության թիվն է նվազում, և՛ ծնունդների


Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Շիրակի մարզում վերջին տարիներին և' բնակչության թիվն է նվազել, և' ծնունդների: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017-ին 2016-ի համեմատ մարզում մոտ 300-ով նվազել է ծնունդների թիվը, մոտ 3 հազարով էլ՝ բնակչության:

Դեմոգրաֆիկ առումով աղետալի վիճակում ենք, պնդում է ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը: «Որ ժողովրդագրական աղետալի վիճակում ենք, էդ փաստ է: Բարելավվելու միտումներ չկան՝ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ժողովրդագրագետը օրինակ է բերում Ռուսաստանը, որտեղ արդեն երկրորդ տարին է՝ մահացողների թիվը գերազանցում է ծնունդներինը, ու հավելում՝ նույնը Հայաստանում է տեղի ունենալու․ - «Երեք-չորս տարի հետո, բացառված չի, որ մահացածները գերազանցեն ծնվածների թվին, շատ մեծ հավանականություն կա, միգրացիայի բացասական հաշվեկշռին գումարվի նաև բնական աճի բացասական հաշվեկշիռը: Էն, ինչ որ Ռուսաստանում հիմա տեղի է ունենում»:

Ըստ Բոյաջյանի՝ տարիների սոցիալ-տնտեսական վատ վիճակի հետևանքներն են, որ դեմոգրաֆիկ առումով Հայաստանն արդեն խորը ծերացող երկիր է համարվում: «Շիրակի մարզում եթե վերցնենք, բնակչության թիվը բնական աճի հաշվին ավելացել է 700-ով, էն դեպքում, երբ որ 80-ական թվականներին Շիրակի մարզում էդ թիվը 6 հազարը գերազանցել է՝ մոտ 7 հազար է եղել», - ընդգծեց ժողովրդագրագետը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասատրյանի ներկայացրած տվյալներով՝ մարզում ծնունդների թիվը շուրջ 300-ով նվազել է: Մարզում գործող ծննդօգնության 6 հաստատություններում նվազում կա, նշում է Ասատրյանը:

«Աշոցքում 2017-ին ունեցել ենք 93 ծնունդ, Մարալիկում՝ 115, Արթիկում՝ 604: Բոլոր ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնունդները նվազել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:

Այս տարվա հունվարին, այդուհանդերձ, դրական դինամիկա կա: «Գրանցվել է 249 ծնունդ, որը եթե համեմատում ենք 17-ի հունվարի հետ, ստացվում է 11 ծնունդով ավել 2018 թվականին», - նշեց Ասատրյանը:

Գյումրու ծննդատանը, ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Աբրահամյանի, միայն այս տարվա հունվարին նախորդի համեմատ ծնունդների թիվը 5-ով պակաս է: Ընդհանուր առմամբ նվազման դինամիկա գրանցվել է անցած ամբողջ տարվա ընթացքում․ - «Ընդհանուր պակաս է եղել 200-ով՝ ամբողջ տարվա ընթացքում 200 ծնունդով պակաս է եղել ի համեմատ 16 թվի: Համենայն դեպս, էս պահին որ որևէ բան, որ ծնելիությունը ավելացնի, էդքան շատ ես չեմ տեսնում, քանի որ չեմ կապում, որ հիմնականում կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ», - ասաց ծննդատան տնօրենի պաշտոնակատարը:

Հիմնականում մեկ կամ երկու երեխա են ունենում, երրորդը, ըստ Աբրահամյանի, ռիսկային է համարվում․ - «Հիմնականում երկու երեխայով են սահմանափակվում, երրորդ երեխան շատ քիչ են ունենում և բավականին ուշ, այսինքն՝ ընդմիջումը մոտավորապես 8-10 տարի հետո նոր երրորդ երեխայի համար որոշում են գնալ ռիսկի և ունենում են երրորդ երեխան»:

Ավստրիական մանկական հիվանդանոցում ծնունդների աճ կա: Տնօրեն Աշոտ Կուրղինյանը, սակայն, խոստովանում է, որ դա հիմնականում մարզի մյուս հիվանդանոցների հաշվին է:

«13 թվականից մինչև այսօր մեր ծնունդները 488-ից հասել են 17 թվականին 553, այսինքն՝ էս տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի 10-15 ծնունդով եթե մի քիչ ավել է եղել, մոտավորապես մի 60-70 ծնունդ աճ ունենք: Որովհետև եթե մեր մոտ ծնունդների քանակը աճել է՝ շատ քիչ, բայց աճում է, ամեն դեպքում, ստաբիլ է, ոչ թե մարդկանց թվի շատացման հետ է կապված, այլ ի հաշիվ երևի թե մյուս ծննդատների, ոչ թե երևի թե՝ հաստատ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կուրղինյանը:

«Հայաստանի պայմաններում, հայկական մենթալիտետի պայմաններում բացառվում է՝ սոցիալականը երեխա ունենալու վրա ազդի, ուղղակի առաջին երեխայի, այսինքն՝ սոցիալական պայմաններից ելնելով՝ մենք ուղղակի երեխա չենք ունենում: Շատ ավելի քիչ ազդում է երկրորդ երեխայի վրա սոցիալականը, բայց արդեն ուղղակի կապ ունի սոցիալականը երրորդ, չորրորդ և ավելի երեխաների դեպքում», - նշեց Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG