Մատչելիության հղումներ

Թարգմանիչը պատահական չի համարում, որ Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը տապալվում է երկրորդ անգամ


«Նոյյան տապանի» տնօրենը հրաժարվել է Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը իր ղեկավարած գրախանութում անցկացնել, քանի որ գիրքը քաղաքական ուղղվածություն ունի:

«Ես սկզբունքորեն դեմ եղա, որ որևէ քաղաքական նյութ մտնի գրախանութ և այստեղ աղմուկներ լինեն, կողմնակիցներ և այլն: Մեզ մոտ ցանկացած մարդ կարող է գալ, մոտենալ, իր գիրքը հանձնել աշխատակցին: Ինքն այդ պահին չի պատկերացրել՝ ինչ է անում: Պատահական իմ սեղանին հայտնվեց գիրքը, մտածեցի՝ հետաքրքիր նյութ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Լուիզա Բերբերյանը: - «Ես թերթեցի, տեսա՝ ներողություն, բայց սա մեր գրախանութի համար չէ»:

Վրաստանի նախկին նախագահի ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը նախատեսված էր փետրվարի 7-ին, սակայն երեկ՝ փետրվարի 1-ին, գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը հայտարարեց՝ իրեն «Նոյյան տապանից» տեղեկացրել են, որ գրախանութի տնօրենը չի ցանկանում շնորհանդեսն իրականացնել, հրաժարվել է նաև գիրքը վաճառքի հանել:

Ավելի վաղ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը ևս հրաժարվել էր գրքի շնորհանդեսն իրականացնել: Թանգարանի տնօրենը կտրականապես հերքել էր տեղեկությունը, թե Մշակույթի նախարարությունն է արգելել գրքի շնորհանդեսը, պնդելով՝ սրահի վարձակալության պայմանագիրը հնարավոր չի եղել կնքել տեխնիկական պատճառներով։ Թարգմանիչը, սակայն, արդեն կասկած չունի, որ խնդիրը գրքի բովանդակության հետ է կապված:

«Չի կարող մարդն առանց որևէ պատճառի երկու անգամ համաձայնության գալ, երկու անգամ հայտարարի՝ չէ, չենք կարող: Ակնհայտ է, որ ճնշումներ կան», - մեկնաբանեց Նահապետյանը:

«Նոյյան տապանի» տնօրենը «Ազատության» այն հարցին, թե արդյոք իր նկատմամբ ճնշումներ են եղել, որի պատճառով էլ չեղարկել է շնորհանդեսը, պատասխանեց՝ որոշումն անձամբ է կայացրել, ճնշումներ չեն եղել: - «Ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրել, անգամ ընկերական խորհուրդ չեն տվել: Լինելով լուրջ մարդ, պետական կառույցներում աշխատած մարդ, քաջ հասկացել եմ, թե ինչ կարող էր տեղի ունենալ», - նշեց Բերբերյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է՝ ակնհայտ է, որ հայաստանյան իշխանության համար հաճո չէ Սաակաշվիլիի գիրքը Հայաստանում տեսնել, միաժամանակ շեշտում է՝ դրա բովանդակության մեջ վտանգավոր ոչինչ չի կարող լինել․ - «Խնդիրը մեր պատկերացումների, հայաստանյան իշխանությունների պատկերացումների մեջ է: Այդ քաղաքական գործիչը Ռուսաստանի համար տհաճ, անհաճո գործիչ է: Եվ սրանք վախենում են՝ Ռուսաստանից որևէ չինովնիկի քարտուղարուհին կզանգահարի և դիտողություն անի: Չեմ կարծում՝ որ չինովնիկի քարտուղարուհին կզանգահարի, բայց սրանք դրանից վախենում են»:

Վրաստանի նախկին նախագահ, այժմ քրեական մի քանի հոդվածներով մեղադրվող և Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Սաակաշվիլիի գրքի հայերեն թարգմանությունը և շնորհանդեսի մասին տեղեկությունը Ֆեյսբուքում որոշ քննդատական մեկնաբանությունների պատճառ էին դարձել, թե «Սաակաշվիլին հակահայ գործիչ է», «պաշտոնավարման տարիներին ջավախահայերի է ազատազրկել», «արգելել որոշ հայաստանցիների մուտքը Վրաստան»:

Սաակաշվիլին տեղյակ է, որ իր հեղինակած «Ուժերի զարթոնք» գիրքը թարգմանվել է հայերեն, նա տվել է հեղինակային իրավունքը: Երևանում իր գրքի շնորհանդեսի չեղարկմանն արձագանքել էր իր ֆեյսբուքյան էջում, գրելով․ - «Ցավոք, նույնիսկ այստեղ, առանց Մոսկվայի միջամտության չստացվեց: Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում ռուսաստանյան գործակալները լուրեր էին տարածել, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմում են, որ հակահայ եմ»:

Գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:

«Ուժերի զարթոնքի» հայերեն թարգմանությունը լույս է տեսել 250 օրինակով: «Ազատության» հետ զրույցում թարգմանիչն ասաց, որ դեռ չի որոշել շնորհանդեսն իրականացնելու վայրը, սակայն փորձելու է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի ունենա հենց փետրվարի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG