Մատչելիության հղումներ

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017-ին աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետ


Հայաստանում 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալն աճել է շուրջ 25 տոկոսով: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Կարեն Կարապետյանը նշել է՝ կանխատեսվում է, որ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինեն:

«Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40.4 տոկոսով, ինչպես նաև ներմուծման մատակարարումների աճ՝ 18.9 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս և, ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլև շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա», - ասել է վարչապետը։

Կարևորել է նաև ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռևս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար, ասել է Կարեն Կարապետյանը:

«Այստեղ խոսվել է շուկաների ընդլայնման մասին, և այդ համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին: Կարծում ենք, ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը», - ասել է վարչապետը:

Ըստ կառավարության պաշտոնական կայէջի, վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը նեղ կազմով քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ինչպես նաև ներքին շուկայի գործունեության շրջանակներում մասնակից երկրների պարտավորվածությունների հետ կապված հարցեր:

Ընդլայնված կազմով քննարկմանը ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր:

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին՝ Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG