ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Հունաստանի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ արտգործնախարար Նիկոս Կոցիասը հայտնել է, որ Մակեդոնիայի հետ այդ երկրի անվան շուրջ բանակցությունների առնչությամբ ստացել է սպառնալից բովանդակությամբ անստորագիր նամակ:
Կոցիասը հաղորդել է, որ անհայտ անձինք հաշվեհարդարով են սպառնում իրեն և իր ընտանիքին: «Մենք ունենք երեք փամփուշտ նախարարի համար», - ասվում է նամակում:
Հունաստանը համոզված է, որ Մակեդոնիան չունի այդ անունը սեփականաշնորհելու իրավունք, քանի որ այդ անվամբ պատմական շրջանի 51 տոկոսը գտնվում է Հունաստանի, 38 տոկոսը՝ Մակեդոնիայի, 11 տոկոսը՝ Բուլղարիայի, և 1 տոկոսը՝ Ալբանիայի տարածքում:
Աթենքը պահանջում է, որ Սկոպյեն՝ նոր տարր ներմուծելով, լրամշակի երկրի անունը, ինչը թույլ կտա և՛ չշփոթել Մակեդոնիան Հունաստանի հյուսիսային նույնանուն շրջանի հետ, և՛ հաստատել, որ սլավոն մակեդոնացիները չեն կարող համարվել հին հունական դարաշրջանի մակեդոնացիների ժառանգներ:
Աթենքում ենթադրում են, որ ցանկանալով երկիրն անվանել Մակեդոնիա՝ Սկոպյեն, փաստորեն, տարածքային պահանջ է ներկայացնում Հունաստանին: