Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կներկայացնի Պաղեստինի վարչակազմի արձագանքը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման վերաբերյալ:
ՄԱԿ-ում Քուվեյթի դեսպան Մանսուր ալ-Օտաբին, ով փետրվարին նախագահում է Անվտանգության խորհրդում, ասել է, որ իր երկրի կառավարությունն է Աբբասին առաջարկել ելույթ ունենալ նիստում: «Անվտանգության խորհրդի անդամներից և ոչ մեկը չի առարկել», - նշել է դիվանագետը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին է հրապարակել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից այդ քաղաք փոխադրելու որոշումը:
Միջազգային համայնքի մեծ մասը և հատկապես մահմեդական պետությունները քննադատել են այդ որոշումը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2017 թվականի դեկտեմբերի 21-ին քվեների 128 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ ընդունել է պարտադիր ուժ չունեցող բանաձև, որով դատապարտել է Թրամփի որոշումը: