Մատչելիության հղումներ

«Մտահոգությունը, թե Կառավարության դռնփակ նիստերի անցկացումը հետընթաց է, իրականության հետ կապ չունի». Շարմազանով


Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ավելորդ է որակում ընդդիմադիրների մտահոգությունները, թե կառավարության դռնփակ նիստերի անցկացումը ժողովրդավարության առումով հետընթաց է:

Հինգշաբթի երեկոյան Հանրապետականի գործադիր մարմնի նիստին հաջորդած ասուլիսին Շարմազանովը շեշտեց՝ այդ մտահոգությունն իրականության հետ կապ չունի։

«Խոսել նրա մասին, որ Կառավարության նիստերի փակ հրավիրումը հետընթաց է, կիսանախագահականն ավելի լավ էր, քան թե հիմա, կներեք, այդպես չէ։ Միջազգային պրակտիկա կա, աշխարհի ամենաժողովրդավարական երկրները՝ Գերմանիան, որը որևէ մեկը չի կարող նշել, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր չէ, ես չեմ ճանաչում Գերմանիայից ավելի ժողովրդավարական երկիր, Մեծ Բրիտանիան, որը պառլամենտարիզմի և առհասարակ բազմակարծության և խոսքի ազատության հայրենիքներից մեկն է, և Իսրայելը, որը ևս ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն է, և այդ երեք երկրներում կառավարության նիստերը փակ են», - ասաց ՀՀԿ խոսնակը՝ շարունակելով. - «Ցանկացած օրինագիծ, ցանկացած քննարկում պառլամենտում բաց է լինելու։ Չի լինելու մի օրենք, որն առանց քննարկումների պառլամենտում չի անցնելու։ Էդ մտահոգությունը ոչ միայն ավելորդ է, այլ կարծում եմ, որ իրականության հետ կապ չունի»։

Հիշեցնենք՝ գործադիրը երեկ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը դռնփակ կլինեն, սակայն վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Առանց վարչապետի թույլտվության Կառավարության անդամները չեն կարողանա նիստից մանրամասներ ներկայացնել։

Նման օրենքի անհրաժեշտությունը նախագծի հեղինակներից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հետևյալ կերպ հիմնավորեց. - «Կառավարության շատ պաշտոնյաներ կաշկանդվում են նիստերի դռնբաց լինելուց, և արդյունքում այն քննարկումները, որոնք պետք է նիստի ընթացքում լինեին, լինում են նիստից առաջ կամ դրանից հետո»։

Կառավարությունն օրենքի նախագիծը անհետաձգելի կարգով ուղարկել է Ազգային ժողով՝ քննարկման։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ «Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ավտորիտար կառավարում է հաստատվում»։

Շարմազանովը երեկ հակադարձեց՝ Հայաստանը բոլոր միջազգային հասարակական կազմակերպությունների գոնե վերջին մեկ-երկու տարիների հետազոտությունների, պաշտոնական հետազոտությունների արդյունքներում գնում է դեպի ժողովրդավարացում։

«Եթե որոշ մարդկանց հիշողությունը կարճ է, ասեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության նախագահը հանդես է գալիս պաշտոնական ելույթով ԵԽԽՎ-ում, և մինչ այդ էլ պարոն Յագլանդի հետ էլ, որը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է, հանդիպում եղավ, և որևէ պատգամավոր հարցականի տակ չդրեց Հայաստանի ժողովրդավարության զարգացումը, ավելին՝ հարգելի պարոն Յագլանդը նշեց, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարության զարգացման ճիշտ ուղղությամբ։ Ուստի հիմա մեկի դուրը կարող է գալ, մյուսինը՝ չգալ, սա էդ խնդիրն է։ Մեկն էլ կարող է ասել՝ «ինչո՞ւ իշխող կուսակցության նիստերն ուղիղ եթեր չեք հեռարձակում», սա արդեն ճաշակի խնդիր է։ Ւսկ ինչ վերաբերվում է Կառավարության փակ նիստերին, ասացի՝ միայն այն պատճառաբանությունները, որը սա հետընթաց է, ժողովրդավարական չէ, ես էլ պատասխանում եմ՝ հարգելի բարեկամներ, եթե այդպես է, ուրեմն Գերմանիան, Բրիտանիան և Իսրայելը նույն փակ նիստեր են իրականացնում»։

Ասուլիսն ամբողջությամբ տե՛ս այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG