Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը. թարգմանիչ


Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գիրքը հայերեն թարգմանած Միքայել Նահապետյանը տեղեկացնում է, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանից հետո գրքի շնորհանդեսը չեղարկել է նաև «Նոյյան տապան» գրախանութը՝ չնայած նախապես ձեռք բերված համաձայնությունը:

Գրքի թարգմանիչը հայտնում է, որ գրախանութի ներկայացուցիչն իրեն ծանուցել է, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպել և հետագայում գիրքը իրենց գրախանութում վաճառել՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։

Միքայել Նահապետյանը հայտարարում է, որ այս մերժումները հետևանք են քաղաքական ճնշումների և ուղղված են գրքի բովանդակության տարածման դեմ։ «Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է»,- ասված է թարգմանչի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, գրքի շնորհանդեսը նախատեսված էր Չարենցի թանգարանի սրահում փետրվարի 7-ին, ավելի ուշ, սակայն, թանգարանի տնօրենը տեղեկացրել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով շնորհանդեսը տեղի չի ունենա։

Վրաստանի նախկին նախագահ, այժմ քրեական մի քանի հոդվածներով մեղադրվող և Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Սաակաշվիլիի գրքի հայերեն թարգմանությունը և նախատեսված շնորհանդեսը Ֆեյսբուքում՝ հենց միջոցառման էջում, որոշ քննդատական մեկնաբանությունների պատճառ էին դարձել, թե՝ «Սաակաշվիլին հակահայ գործիչ է», «պաշտոնավարման տարիներին ջավախահայերի է ազատազրկել», «արգելել որոշ հայաստանցիների մուտքը Վրաստան»:

Գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:

2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանում հյուրընկալելով վրացի պաշտոնակից Միխեիլ Սաակաշվիլիին, հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար նրան պարգևատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է:

Սաակաշվիլին տեղյակ է, որ իր հեղինակած «Ուժերի զարթոնք» գիրքը թարգմանվել է հայերեն, նա տվել է հեղինակային իրավունքը:

Առաջին խմբաքանակը լույս է տեսնում 250 օրինակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG