Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում վարույթ են ընդունվել զինծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության դեպքերով քրգործերը


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ ՀՔԾ քննիչի վարույթին հանձնված` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005-ի աշնանային հերթական զորակոչից, որի կապակցությամբ 2006-ի փետրվարին Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ծառայությունը նշում է, որ նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

«11 տարի անց` 11.04.2017թ.-ին հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նույն օրը կասեցված գործով վարույթը վերսկսվել է և Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով [Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում]», - ասված է հաղորդագրությունում։

ՀՔԾ-ն նշում է, որ առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռևս 2006-ին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է:

«Ընդ որում, Ա. Հ.-ն հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաև դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն նշում է, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2006-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող` դատախազության քննիչին:

Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը մինչև 11.04.2017թ.-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում 24.01.2018-ին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի [Պաշտոնեական անփութությունը] 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին և ըստ քննչական ենթակայության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG