Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն ընդունել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Գարեգին երկրորդը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման առիթով։ Նա Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին:
Անդրադառնալով Հայաստանի 4-րդ նախագահի հանգամանքին և առաքելությանը՝ նա ընդգծել է, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ:
Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարևորել է ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերին։