Մատչելիության հղումներ

«Քո արածը ծայրահեղականություն է»․ ռուսաստանյան դպրոցներում կարգի են հրավիրում Նավալնիի ցույցերի մասնակիցներին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի հրավիրած բողոքի ակցիան Մոսկվայում, 28-ը հունվարի 2018թ.
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի հրավիրած բողոքի ակցիան Մոսկվայում, 28-ը հունվարի 2018թ.

«Քո ձայնը ոչինչ չի որոշում, դու ոչինչ չես կարող փոխել, և ընդհանրապես, ինչո՞ւ ես դեմ գնում նախագահ Պուտինին»․ - այսպես են ռուսաստանյան դպրոցներում կարգի հրավիրում բարձր դասարանների աշակերտներին, որոնք շաբաթասկզբին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ փողոց էին դուրս եկել՝ առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտելու:

Սոցիալական ցանցերն այս օրերին լի են գրառումներով ու ձայնագրություններով, որոնք վկայում են՝ քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող աշակերտներին դպրոցների ղեկավարությունը սկսել է բացատրական զրույցների հրավիրել, պարզաբանումներ պահանջել ու անգամ՝ սպառնալ:

«Դու հասկանո՞ւմ ես, որ պատասխանատու ես քո այդ ծայրահեղական գործողությունների համար», - զգուշացրել է գիմնազիաներից մեկի դասղեկը, որի հետ զրույցը հետագայում տեղադրվել է համացանցում:

«Քո արածը ծայրահեղականություն է, դու գնում ես նախագահի ընտրությունների դեմ», - պնդել է դասղեկը:

«Բայց չէ՞ որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնացել ընտրություններին, կամ՝ չմասնակցել», - պնդել է 11-րդ դասարանի ակտիվիստը։

«Վադի՛մ, քո ձայնը ոչինչ չի որոշում, բացատրագիր գրիր տնօրենի անունով և քեզ հերոսի տեղ մի դիր, եթե չես ուզում, որ Ռուսաստանն էլ Ուկրաինայի նման կործանվի», - արձագանքել է ուսուցչական խորհուրդը:

Ավելի վաղ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, թե իրավապահները դեռ պետք է ստուգեն՝ որքանով են իրավաչափ առաջիկա ընտրությունները բոյկոտելու Ալեքսեյ Նավալնիի կոչերը:

Նավալնին ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարեց անցած տարեվերջին, երբ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ պնդելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի» վիճահարույց գործով:

«Ընտրություն, որպես այդպիսին, չկա, քվեարկությունը ֆարս է, և այս իրավիճակում միակ լուծումը բոյկոտն է», - հայտարարում է ընդդիմադիր գործիչը, որի կոչին շաբաթասկզբին արձագանքել էին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ուսանողներ ու բարձր դասարանների աշակերտներ:

Նրանցից մեկը Թվիթերում գրել է. - «Ցույցից հետո դպրոցի տնօրինությունը կանչեց պարզաբանումների, մորս զանգահարեցին ոստիկանությունից, վաղն արդեն ոստիկանները դպրոց են գալու՝ ինձ հարցաքննելու»:

Պաշտոնական տվյալներով՝ այս շաբաթվա ընթացքում միայն ավելի քան երկու հարյուր մարդ է Ռուսաստանում վարչական պատասխանատվության ենթարկվել՝ ապօրինի ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG