Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով՝ Արմեն Սարգսյանին կհաջողվի ստանալ «Ծառուկյան» դաշինքի ձայները


Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ու հասարակական շրջանակների հետ: Օրերս Սարգսյանը հանդիպեց իշխող կոալիցիայի անդամների հետ: Ընդդիմադիրների հետ հանդիպումների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Այդուհանդերձ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ թեկնածուին կհաջողվի ստանալ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի ձայները: Այդ մասին նա ասաց «Ազատության» հետ զրույցում:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ցանկանում է, որպեսզի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը առաջին փուլով ընտրվի նախագահ՝ թերևս այդպես ավելի մեծ վստահություն նա կվայելի: «Ելք»-ն արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, և, ըստ էության, դուք ձեր հույսը պետք է կապեք «Ծառուկյան» խմբակցության հետ, առնվազն ձեզ 14 պատգամավորի ձայն է անհրաժեշտ առաջին փուլով նախագահին ընտրելու համար: Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ բանակցություններ վարելու պատասխանատվությունը, պարտականությունը Արմեն Սարգսյանի վրա է դրված, այսինքն՝ Հանրապետական խմբակցությունը չէ, որ պետք է բանակցություններ սկսի «Ծառուկյան»-ի այդ 14 ձայնը ստանալու համար: Ինչո՞ւ հենց պատասխանատվությունը պետք է դրվի Արմեն Սարգսյանի վրա, Ձեր կարծիքով:

Գագիկ Մելիքյան․ - Մենք, իհարկե, կաջակցենք, մենք օգտակար կլինենք, մենք մեր կարծիքը կհայտնենք, բայց խնդրի ամենադժվարին մասը, իհարկե, ընկած է թեկնածուի ուսերին: Եվ դրան ինքը կարող է հասնել հենց այդ հանդիպումներով՝ թե՛ քաղաքական ուժերի հետ, թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, թե՛ գիտական շրջանակների հետ, թե՛ Արցախի իշխանությունների հետ հանդիպման և թե՛ Սփյուռքում միջազգային կառույցների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:

Ես համոզված եմ, որ սա իրոք դրական ազդեցություն կունենա և լուրջ հետևանքներ կունենա նաև քվեարկության վրա:

«Ազատություն» - Դուք իսկապես ցանկանում եք, որպեսզի հանրությունը հավատա, որ Արմեն Սարգսյանը ի՞նքը պետք է Գագիկ Ծառուկյանին համոզի՝ ստանալ նրանց ձայները և առաջին փուլով ընտրվել նախագահի թեկնածու, թե՞ իրականում արդեն իսկ քաղաքական վերին օղակներում այդ որոշումը կայացված է, և Ծառուկյանն էլ արդեն տվել է իր համաձայնությունը:

Մելիքյան․ - Մենք հարգում ենք քաղաքական ցանկացած ուժի կարծիքը, առավել ևս՝ «Ծառուկյան» դաշինքի կարծիքը, որը կձևավորվի, կարծում եմ, նաև հանդիպման արդյունքում, և ցանկանում եմ հույս հայտնել, որ այդ կարծիքը կձևավորվի ի օգուտ նախագահի մեր թեկնածուի:

«Ազատություն»․ - Այսինքն, կարծում եք, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի համոզել Գագիկ Ծառուկյանին․․․

Մելիքյան․ - Կարծում եմ, որ կհաջողվի:

Հիշեցնենք՝ Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը ընտրելու է մարտի 2-ին:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG