Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան․ «Եթե Արմեն Սարգսյանը համաձայնի առաջադրվել, մենք կպաշտպանենք»


Արմեն Սարգսյանը հանդիպում է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, Երևան, 29-ը հունվարի, 2018թ․

Կոալիցիոն կուսակցության խմբակցության ղեկավարը խոչընդոտներ չի տեսնում:

Հանրապետական կուսակցության Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի ուշ երեկոյան հանդիպեց Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից հետո լրագրողները փորձեցին մանրամասներ ճշտել, ինչին Արմեն Սարգսյանը արձագանքեց․ - «Թույլ տվեք ես իմ հանդիպումները ունենամ կուսակցությունների՝ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, Ազգային ժողովից դուրս, հասարակական կազմակերպությունների, հանրության ներկայացուցիչների հետ, դրանից հետո, որոշումը կայացնելուց հետո հաճույքով ձեր հետ կզրուցեմ»:

Այդուհանդերձ, ի պատասխան լրագրողների հարցի, նա ասաց, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հստակ որոշում դեռ չունի: Սարգսյանն անդրադարձավ Հայաստանից հեռանալու դրդապատճառներին: Մասնավորապես պատասխանելով հարցին՝ արդյոք իր և 1995-99 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցե՞լ է, որի պատճառով էլ ինքը հեռացել է, Արմեն Սարգսյանն ասաց․ - «Սուտ է, կարճ պատասխանեմ, բացարձակ սուտ: Լավ կլինի՝ էդ շահարկումը արհեստականորեն չուռճացնեք»:

«Ես ձեզ հարգելով, նորից խնդրում եմ, հարգեք: Այս պահին, իմ խնդիրները, որ ես ունեմ՝ հանրապետության նախագահը, Հանրապետական կուսակցությունը առաջարկել են ինձ մտածել իմ թեկնածությունը դնելու նպատակով՝ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում, ես զբաղված եմ գործով», - ասաց Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ես որևէ տեղ չեմ կորելու, եթե դառնամ նախագահ, կամ իմ թեկնածությունը հաստատեմ, կամ չհաստատեմ՝ պատրաստ կլինեմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Եկեք նաև որոշակի, էսպես ասած, ժուռնալիստական և քաղաքական էթիկա զարգացնենք, հարգենք իրար»:

«Ես վարչապետ եղած ժամանակ, երևի կհիշեք, որ մեծ հարգանքով եմ վերաբերվել մամուլին, և իմ եղած ժամանակ, օրինակ, լրատվության նախարարությունը փակվեց: Ժուռնալիստական հանրությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում, և եթե որոշեմ, առաջարկվեմ, ընտրվեմ, շարունակելու եմ նույն ձևով ձեր հետ աշխատել», - վստահեցրեց Սարգսյանը:

«Մենք, բնական է, կքննարկենք, սա հանդիպում էր նախնական, մենք մեր Գերագույն մարմին, Բյուրո համատեղ այս արդյունքները կամփոփենք, և նա դեռ իր վերջնական որոշումը կկայացնի՝ հանդիպելով մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ մենք որևէ, այսպես ասած, պատճառ չենք տեսնում, որ եթե ինքը համաձայնվի, ըստ էության, առաջադրվել, մենք կպաշտպանենք, ամենայն հավանականությամբ: Առաջ ընկնելով եմ ասում, բայց որոշումը կայացնելու խոչընդոտներ չեմ տեսնում հակառակ բանն ասելու համար», - հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նույն օրը ավելի վաղ ՀՀԿ գրասենյակում տեղի էր ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ:

«Պարոն Սարգսյանը, ինչպես գիտեք, իր նախաձեռնությամբ, ցանկություն էր հայտնել հանդիպել Հանրապետական կուսակցության ֆրակցիայի ներկայացուցիչների հետ, և ընդամենը զրուցում էինք իր տեսլականի, և նաև ֆրակցիայի անդամները եթե ունեին հարցեր, ներկայացրեցին իրենց տեսակետները», - հանդիպման մասին լրագրողներին պատմեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այդ տեսլականի մասին լրագրողներից մեկի հարցին Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Ես առաջարկում եմ հիմա փակագծեր չբացեմ՝ ինքը հնարավորություն կունենա դա ասելու»:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ուժերին, հանրության լայն շրջանակների ներկայացուցիչներին:

Հայաստանի չորրորդ նախագահին Ազգային ժողովը ընտրելու է մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG