Մատչելիության հղումներ

«Գրեմմի 2018»․ Բրունո Մարսի, «Պուտին»-ի և մյուսների հաղթանակը


ԱՄՆ - Բրունո Մարսը՝ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխության գլխավոր հերոս, Նյու Յորք, 28-ը հունվարի, 2018թ․

Բրունո Մարսը 60-րդ «Գրեմմի»-ի բացարձակ առաջատարն էր:

Կիրակի կեսգիշերին Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում տեղի ունեցավ աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հերոսը դարձավ Բրունո Մարսը՝ հաղթելով միանգամից վեց անվանակարգում:

60-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության բացարձակ առաջատար Բրունո Մարսի That's what I Like երգը լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգերում՝ տարվա լավագույն երգ, լավագույն երգ R&B ժանրում, լավագույն R&B կատարում, 24K Magic սկավառակը` տարվա լավագույնը և տարվա լավագույն ձայնագրություն:

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը նույնպես մի քանի պարգևների է արժանացել՝ լավագույն վոկալային սկավառակ փոփ ժանրում, լավագույն մեներգիչ փոփ ժանրում:

Ռեփ ժանրում լավագույն երգի պարգևը շնորհվեց ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարին:

«Գրեմմի»-ով հետմահու պարգևատրվեց Լեոնարդ Քոենը: Նրա You Want it Darker ստեղծագործությունը լավագույնն է ճանաչվել ռոք ժանրում:

Կանադացի երգչուհին՝ միակ կին դափնեկիր

Կանադուհի Ալեսիա Կարան ճանաչվել է լավագույն նոր կատարող՝ դառնալով միակ կինը, ով անցած գիշեր արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին: Այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Քեշան, Լորդին, որևէ մրցանակ չեն ստացել:

Իգական սեռի ներկայացուցիչների շրջանում մրցանակակիրների պակասը փոքր-ինչ տարօրինակ է դիտարկվել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները երեկ ընդգծում էին իրենց աջակցությունը սեռական ոտնձգությունների և խտրականության դեմ պայքարող #MeToo eu #TimesUp արշավներին: Ի նշան համերաշխության՝ «Գրեմմի»-ի մասնակիցների մեծամասնությունը եկել էին սպիտակ վարդով:

«Պուտին»-ի կոմպոզիտորին ոգեշնչել են ՌԴ նախագահի կիսամերկ լուսանկարները

Ռուսաստանցի դաշնակահար Դանիլ Տրիֆանովը «Գրեմմի»-ի է արժանացել լավագույն դասական գործիքային կատարման համար, իսկ «Պուտին» երգի կոմպոզիտոր Ռենդի Նյումանը ստացել է լավագույն գործիքավորման համար պարգևը:

«Պուտին»-ը գրվել է 2016 թվականի հոկտեմբերին: Երգում Կրեմլի ղեկավարը ներկայացվում է որպես սուպերհերոս: Իր հարցազրույցներից մեկում Նյումանը պատմել է, որ երգը գրելիս ոգեշնչվել է Պուտինի կիսամերկ լուսանկարներով: Երգահանը խոստովանում էր՝ երկար մտածել է այն մասին, թե ինչ էր ուզում դրանով ասել Ռուսաստանի նախագահը: «Ինձ թվում է՝ դա ինչ-որ անձնական փառասիրություն է, կարծես նա ցանկանում է լինել Թոմ Քրուզ: Բավարար չէ լինել ամենահարուստ և ամենակարող՝ նա ուզում է լինել նաև ամենագեղեցիկ և սուպերհերոս. տարօրինակ է», - մտորում էր Նյումանը:

Կոմպոզիտորը համաձայն է՝ իր երգում Պուտինի մասին բավարար քննադատությամբ չի խոսում: «Նա վատ տղա է: Բայց ես գիտակցել եմ, որ դա շատ պարզ է: Նույնն է, ինչ գրել հակապատերազմական երգ և դրանում ասել՝ պատերազմը վատ բան է», - մեկնաբանել է երգի հեղինակը:

Երգում հնչում են հետևյալ բառերը․ - «Նա կարող է երթևեկել հսկայական տրակտորով Տրանսսիբիրյան դաշտավայրում, նա կարող է միջուկային ռեակտորը լիցքավորել ուղեղի ձախ կիսագնդով, իսկ երբ հանում է վերնաշապիկը, խելքահան է անում աղջիկներին: Երբ նա հանում է վերնաշապիկը, ես էլ եմ ուզում աղջիկ լինել»:

«Գրեմմի»-ն չշրջանցեց նաև Թրամփին

«Գրեմմի»-ն չշրջանցեց նաև մեկ այլ նախագահի՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի անունը: Միջոցառման կազմակերպիչները ցուցադրել էին տեսանյութ, որում մի շարք հանրահայտ անձինք՝ այդ թվում Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, ընթերցում են քննադատական հատվածներ Թրամփի մասին վերջերս լույս տեսած գրքից, որը կոչվում է «Հուր և ցասում»:

Բուռն քննարկումների տեղիք տված միջոցառման այդ դրվագին արձագանքել է անգամ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին՝ գրելով, թե կազմակերպիչները չպետք է խառնեն երաժշտությունն ու քաղաքականությունը: «Ես միշտ սիրել եմ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, սակայն դերասանների կողմից «Հուր և ցասում» գրքի ընթերցանությունը սպանում է: Մի՛ փչացրեք լավ երաժշտությունը աղբով: Մեզնից ոմանք սիրում են երաժշտությունը առանց դրանում քաղաքականություն ավելացնելու», - Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը:

«Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ Մայքլ Վուլֆի հեղինակած գրքից Թրամփի մասին հատվածների ընթերցանության շուրջ իր դժգոհությունն է հայտնել նաև Սպիտակ տան ղեկավարի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը: «Գրեմմի»-ին Կեղծ լուրերի վրա հիմնված գրքից հատվածներ ընթերցելը կարծես դարձել է մեծ մխիթարական պարգև նախագահության կորստի համար», - գրել է ԱՄՆ նախագահի որդին՝ խոսքն ուղղելով Հիլարի Քլինթոնին: Նա նաև ավելացրել է, որ որքան շատ է էկրաններին երևում Ամերիկայի նախկին առաջին տիկինը, այնքան Ամերիկայի քաղաքացիները հասկանում են, թե որքան «լավ է, որ Սպիտակ տանն այժմ աշխատում է Դոնալդ Թրամփը»:

Հայաստանը՝ առանց մրցանակի

Ի դեպ, «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը միանգամից երկու անվանակարգում առաջադրված էր նաև հայաստանցի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սակայն նա որևէ մրցանակի չարժանացավ: Կոմպոզիտորի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված էր «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG