Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ երկրի նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:

Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ մի քանի ամսում կատարված մեծ ծավալի աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Սերժ Սարգսյանը զրուցել է նաև կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Մուրադյանը այս նախագծի իրագործման հարցում բեկումնային է համարել անցած տարվա հուլիսի 12-ին նախագահի այցը կենտրոնի շինհրապարակ, որը, ըստ նրա, նոր խթան հանդիսացավ հետագա աշխատանքի համար:

Նախագահը երախտագիտություն է հայտնել անչափ կարևոր այս գաղափարն իրականություն դարձրած բոլոր անձանց և առաջին հերթին՝ այստեղ իրենց վերականգնողական բուժումն անցնող հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար: Նա հորդորել է զինհաշմանդամներին նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում և կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG