Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Պետությունը զրկում է մասնավոր սեկտորին զարգացման հնարավորություններից


Տարին սկսվեց հարկային նոր բեռով, գնաճով, ավելին՝ արդեն հուլիսից, երբ ամբողջովին գործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, աշխատողների եկամուտները ևս 5 տոկոսով կկրճատվեն: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ կառավարության համար այսօր առաջնահերթ խնդիրը բյուջեի եկամուտներ ապահովելն է:

«Պարզ է, որ իրականում, երբ որ 5 տոկոս ավելանալու են կենսաթոշակային պարտադիր հիմնադրամին տրվող գումարները, որովհետև արդեն 74 թվականից հետո ծնվածների համար բոլորի համար 5 տոկոսը պարտադիր է լինելու, իսկ IT [տեղեկատվական տեխնոլոգիաների] ոլորտում զբաղվածները հենց այդ տարիքի մարդիկ են, այսինքն՝ 5 տոկոս էդտեղ է ավելանում, և դրան ավելանում է նաև 150 հազարից հետո նոր հարկային դրույքաչափը, որը կազմում է 28 տոկոս՝ սա մեծ պրոբլեմներ է առաջացնելու այն ընկերությունների համար, ովքեր որ IT ոլորտում են աշխատում, որովհետև նրանք կա՛մ աշխատողներին պետք է բացատրեն, որ «հարկ ենք շատ տալու», կա՛մ իրենց էն ծախսերը, որոնք կապիտալ ներդրումներ պետք է անեին, պետք է կրճատեն», - նշեց տնտեսագետը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 28-ի թողարկման եթերում:

«Սա միանշանակ է, բայց ես առաջ ընկնեմ, ուղղակի ասեմ՝ իշխանության համար, տվյալ դեպքում՝ կառավարության համար, առաջնահերթ խնդիրը դա չէ, առաջնահերթ խնդիրը բյուջեի եկամուտները ապահովելն է, և էդ պատճառով արդեն տուժում են բոլորը», - ընդգծեց Խաչատրյանը:

«Իսկապե՞ս լուրջ վիճակ է այնտեղ, Ձեր կարծիքով», - այս հարցին տնտեսագետն արձագանքեց․ - «Միանշանակ լուրջ է, որովհետև եթե հետևեք նաև նույն վարչապետի՝ տարբեր տեղերում պատասխաններին, նա իրականում մի տեղ ասել էր էսպես՝ որ իհարկե լուրջ մարտահրավեր է 2018 թվականը, հատկապես օտարերկրյա վարկերի կամ պետական պարտքի սպասարկման առումով»:

«Բոլորիս համար տեսանելի էր, որ մենք գալու ենք այս վիճակին, և հիմա մենք պարտք ենք վերցնում, որպեսզի պարտք փակենք, և դրա հետ կապված՝ մենք զարգացման հնարավորություն չենք տալիս», - ասաց Խաչատրյանը:

«Հա՛մ ինքը պետությունը հնարավորություն չունի զարգացման միջոցներ տրամադրել, հա՛մ զրկում է մասնավոր բիզնեսին կամ մասնավոր սեկտորին զարգացման հնարավորություններից», - ամփոփեց տնտեսագետը:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG