Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան․ Ժողովուրդը զրկվեց ամենաակտիվ քաղաքական գործընթացին մասնակցելու հնարավորությունից


Ով էլ լինի Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող Հանրապետական կուսակցության առաջարկած թեկնածուն՝ նրան խորհրդարանական մեծամասնությունը կընտրի: Այսպիսի կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, ով «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 28-ի թողարկման հյուրն էր:

Մանուկյանը վերստին պնդեց, որ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին հենց այս սցենարն էր ենթադրում:

Նախկին պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ, իր համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների ենթատեքստում ժողովրդին ընտրությունից զրկելն ու Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելն է եղել:

«Երկու տարի առաջ՝ 2016-ին, այն քաղաքական ուժն էինք, որ համարձակ հայտարարեց, որ էդ ինստիտուտը վերացնելը երկրին վնաս է տալու, որ անցման շրջանում և պատերազմի վիճակում գտնվող երկիրը պետք է ունենա գործադիր ղեկավար, Գլխավոր գերագույն հրամանատար, որը օպերատիվ լուծումներ տալու, որոշումներ կայացնելու իրավունքը պետք է ունենա», - ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Եվ բացի այդ, բոլորը գիտեն, և հատկապես Հայաստանում այդ բանը աշխատում է՝ ժողովրդի կողմից ընտրված նախագահի ինստիտուտը ժողովրդին ակտիվացնելու, ժողովրդին ժողովրդավար պահելու, կարծիքների բախման հնարավորություն է: Մենք մեզ էդ Սահմանադրությամբ զրկեցինք էդ իրավունքից, ժողովուրդը, այսինքն, այլևս ամենաակտիվ քաղաքական գործընթացին, որ չորս-հինգ տարին մեկ կրկնվում էր, [մասնակցությունից] զրկվել է»:

«Եվ մենք գիտեինք, որ դա արվում է ոչ թե բարելավելու համար, այլ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար, հիմա կհամոզվենք և համոզվել ենք, որ հենց դրա համար էր արվում», - շեշտեց Մանուկյանը:

Սահմանադրական փոփոխություններին հաջորդած խորհրդարանական ընտրությունները ևս, ըստ ընդդիմադիր գործչի, «նպաստեցին էս խնդիրը իրագործելուն, այսինքն՝ պառլամենտը այնքան խելոք, ենթակա մարմին է, որը կքվեարկի, էդ յութանասունքանի ձայնն իրենք կստանան, ով էլ լինի՝ Արմեն Սարգսյանը թե Պողոս Պողոսյանը, էդ ձայները իրենք ստանալու են»: «Որովհետև Հանրապետական կուսակցությունը, օրինակ, չգիտեր անգամ, որ Արմեն Սարգսյանն է գալու՝ ոչ տեղյակ էին․․․ իրենք ընդամենը լսող են՝ ինչ կասի Սերժ Ազատիչը, իրենց համար օրենք է», - նշեց նա:

«Բայց էս ամենը՝ էլի մի կողմ, էդ ինստիտուտը կաշխատի՞, թե՞՝ ոչ: Ես ասում եմ՝ չի աշխատի, և դա ամենևին կապված չէ անձի հետ, բացարձակ: Ես Արմեն Սարգսյանին գիտեմ, աշխատել ենք, ես պատգամավոր էի, ինքը վարչապետ էր, ծանոթ ենք, հարգալից վերաբերմունք կա, բայց կապ չունի: Արմեն Սարգսյանը չունի ծրագիր՝ նախագահի ծրագիր, և իրեն թույլ չեն տա իրականացնել որևէ ծրագիր, որը կարող է հակադրվել Սերժ Սարգսյանի, ասենք, ծրագրերի հետ», - հայտարարեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահին կընտրի մարտի 2-ին: Իշխող կուսակցությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, արդեն Հայաստանում է և երեկ Բանակի օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր:

«Կիրակնօրյա վերլուծական»-ի հունվարի 28-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG